Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան հանդիպում միայն՝ Բաքվի համաձայնության դեպքում
Թուրքիան պատրաստ է կազմակերպել Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի տրանսպորտի նախարարների հանդիպում, եթե Բաքուն տա իր համաձայնությունը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլկադիր Ուրալօղլուն՝ նշելով, որ նախաձեռնության իրականացումն ամբողջությամբ կախված է Ադրբեջանի դիրքորոշումից։
Նախարարը նշել է, որ Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևի հետ պարբերաբար շփումներ ունեն, ինչպես նաև մի քանի հանդիպում՝ Հայաստանի տրանսպորտի նախարարի հետ։ «Եթե Բաքուն համաձայնություն տա, մենք լիովին պատրաստ ենք նման ձևաչափով հանդիպմանը, քանի որ Ադրբեջանի դիրքորոշումն մեզ համար առաջնային է», - ասել է նա։
Ուրալօղլուի խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներն ընթանում են բարձր մակարդակով։ Թուրքիայի և Ադրբեջանի միջև իրականացվել է համակարգված աշխատանք, և խաղաղ գործընթացի ավարտից հետո անհրաժեշտ բոլոր քայլերն արդեն նախօրոք պլանավորված են։ Նախարարը նաև հիշեցրել է, որ երկու երկրների համագործակցությունը ենթակառուցվածքային ոլորտում երկարամյա պատմություն ունի, ուստի նոր նախագծերը կարող են սկսել առանց լրացուցիչ նախապատրաստությունների։





























