Ուկրաինայում միջուկային անվտանգության վիճակն անկայուն է. ՄԱԳԱՏԷ-ն զգուշացնում է

Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի երկու ատոմային էլեկտրակայանների՝ Խմելնիցկայայի և Ռովենսկայայի ենթակայաններին։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան՝ ընդգծելով, որ Ռուսաստանը վտանգի տակ է դնում Եվրոպայի միջուկային անվտանգությունը։ Կիևը պահանջել է հրավիրել ՄԱԳԱՏԷ-ի խորհուրդ։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի Զինված ուժերը շարունակում են գնդակոծել Զապորոժիեի ատոմակայանի շրջակայքը։ ՄԱԳԱՏԷ-ն իր հայտարարությամբ նշել է, որ Ուկրաինայում միջուկային անվտանգության վիճակը մնում է անկայուն։


Գործակալության հաղորդագրության մեջ նշվում է, որ Խմելնիցկայայի և Ռովենսկայայի ատոմակայանները ստիպված են եղել նվազեցնել արտադրությունը ենթակայանների վրա հարձակման հետևանքով։ Գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին կոչ է արել ցուցաբերել զսպվածություն՝ կանխելու համար ռադիոլոգիական հետևանքներով միջադեպերը։


Զապորոժիեի ատոմակայանը կրկին միացվել է էլեկտրացանցին՝ ստանալով պահուստային մատակարարում 330 կՎ գծով։ Սա առաջին դեպքն է վերջին կես տարվա ընթացքում։ Այս մասին տեղեկացրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը։