Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը նամակ է հղել ՔԿՀ-ից
Արագածոտնի թեմի կալանավորված առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը ՔԿՀ-ից հղել է իր առաջին նամակը՝ ընդգծելով հավատքի անսասան ուժը։ Նա նշել է, որ արդարությունը կարող է ժամանակավորապես խեղաթյուրվել մարդկային ձեռքով, սակայն Աստծու դատաստանը հավիտենական է և անսխալական։
«Սիրելինե՛ր, մի՛ վհատվեք և մի՛ տրտմեք։ Մարդիկ կարող են շղթայել մարմինը, բայց ոչ երբեք հավատքը։ Ինչպես առաքյալն է գրում՝ «Աստծու խոսքը շղթայված չէ»»,– գրել է նա իր նամակում։
Մկրտիչ սրբազանը նաև հորդորել է ամուր մնալ հավատքի մեջ և չթուլանալ փորձությունների օրերին։ «Հիշե՛ք՝ ոչինչ չի կարող բաժանել մեզ Քրիստոսի սիրուց․ ո՛չ վիշտը, ո՛չ հալածանքը, ո՛չ զրպարտությունը։ Այդ սերն է, որ կապում է մեզ՝ հովիվ և հոտ»,– նշել է նա՝ իր նամակը ավարտելով օրհնության խոսքով։
Հիշեցնենք, որ կալանքի տակ են գտնվում նաև «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։





























