ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքերի հրետակոծության հետևանքով Իրաքում զբոսաշրջիկներ են զոհվել
Հուլիսի 20-ին Թուրքիայի զինված ուժերը հրետակոծել են թուրք-իրաքյան սահմանին գտնվող Իրաքի Զախո քաղաքը, որի հետևանքով զոհվել է 8 խաղաղ բնակիչ, ևս 23-ը վիրավորվել են: Հրետակոծությունը տեղի է ունեցել Զահո քաղաքի հանգստավայրերից մեկի ուղղությամբ: Զոհերի և վիրավորների ճնշող մեծամասնությունը զբոսաշրջիկներ են: Գրում է Ermenihaber.am-ը։
Թուրքիան հերքել է Իրաքի կողմից հնչող այն մեղադրանքները, ըստ որի՝ հարձակումը իրականացրել են թուրքական զինված ուժերը, փորձելով հարձակման մեղքը բարդել քուրդ զինյալների վրա, որոնց պաշտոնական Անկարան համարում է ահաբեկիչներ:
Տեղի ունեցածին հայտարարությամբ արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, որում մասնավորապես ասվում է.
«Մենք Իրաքի կառավարության պաշտոնյաներին կոչ ենք անում ահաբեկչական կազմակերպության հռետորաբանության և քարոզչության ազդեցության տակ հայտարարություններ չանել և համագործակցել այս ցավալի միջադեպի իրական մեղավորներին բացահայտելու համար»:
Միևնույն ժամանակ համացանցի թուրքական և արաբական տիրույթում տարածվել են հրետակոծության կադրերը, որոնք լայն արձագանք են գտել:
Թեմային արձագանքել է նաև Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ-Կազեմին իր Twitter-ի էջում:
Նա երկրում հայտարարել է սուգ և տեղեկացրել, որ պաշտոնական Բաղդադը հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին:
Միևնույն ժամանակ տեղեկություններ կան , որ Բաղդադում այդ թվում թուրքական դեսպանատան դիմաց տեղի են ունենում Թուրքիայի դեմ բողոքի ակցիաներ: