Փաշինյանին վիրավորելու համար բլոգերի նկատմամաբ սահմանվեց տնային կալանք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին վիրավորանք հնչեցնելու համար «TikTok» սոցիալական ցանցում հայտնի Հայկ Եղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանք և բացակայելու արգելք։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Ռոման Երիցյանը։


Որոշումը կայացրել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Մարտիրոսյանը։


Պաշտպանի խոսքով՝ Հայկին մեղսագրվող արարքի համար օրենքով նախատեսվում է տուգանք կամ հանրային աշխատանքներ, մինչդեռ Քննչական կոմիտեն միջնորդել էր որպես խափանման միջոց ընտրել կալանքը։


Երիցյանը նշել է, որ Հայկ Եղյանն ունի կալանքի հետ անհամատեղելի մի շարք հիվանդություններ, ստանում է բժշկի նշանակմամբ հատուկ, այդ թվում՝ ցավազրկող և հոգեմետ դեղեր, ազատված է զինվորական ծառայությունից ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական պայմաններում։ Նա բնակվում է գյուղում՝ կնոջ և առաջին կարգի հաշմանդամություն ունեցող տատիկի հետ և հանդիսանում է վերջինիս միակ խնամակալը։


Պաշտպանի ներկայացմամբ՝ Քննչական կոմիտեն նրան մեղադրանք է առաջադրել խուլիգանության հոդվածով և դատարան ներկայացրել կալանավորման միջնորդություն՝ այն բանի համար, որ նա «TikTok»-ում ծափահարել և մեկ անգամ «բրավո» է ասել Նիկոլ Փաշինյանին կոպիտ վիրավորանք հասցրած անձին։ Բացի այդ, Հայկը քննադատական հայտարարություններ է արել վարչապետի հասցեին՝ Վեհափառին և սրբազաններին պղծության մեջ մեղադրելու վերաբերյալ։


Պաշտպանը հայտնել է, որ կալանավորման միջնորդության չորսժամյա քննությունից հետո դատարանի որոշումը պետք է հրապարակվի Սևանի դատարանում՝ դատավոր Արամ Մարտիրոսյանի նախագահությամբ։


Երիցյանի խոսքով՝ պաշտպանական կողմը դատարանին ներկայացրել է հիմնավոր փաստարկներ՝ խուլիգանության մեղադրանքով հիմնավոր կասկածի բացակայության, խափանման միջոցների կիրառման հիմքերի բացակայության, ինչպես նաև կալանավորման անթույլատրելիության վերաբերյալ։