Մեքսիկայում ոչնչացվել է «Էլ Մենչո»-ն․ անկարգություններ մի քանի նահանգներում
Մեքսիկայում ոչնչացվել է Ռուբեն Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսը՝ առավել հայտնի «Էլ Մենչո» մականունով, որը համարվում էր Խալիսկոյի նոր սերունդ (CJNG) կարտելի առաջնորդը։ Այս մասին հաղորդել է Մեքսիկայի Ազգային պաշտպանության նախարարությունը։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ գործողության ընթացքում զինծառայողները ենթարկվել են հարձակման և, պաշտպանելով իրենց կյանքը, պատասխան կրակ են բացել։ Հանցավոր խմբավորման չորս անդամներ զոհվել են տեղում, երեքը՝ ծանր վիրավորվել և մահացել օդային տեղափոխման ժամանակ դեպի Մեխիկո։ Զոհվածների թվում է եղել նաև Ռուբեն Ն․-ը։
Դրանից հետո երկրի առնվազն հինգ նահանգներում սկսվել են զանգվածային անկարգություններ։ Անկարգությունների էպիկենտրոնը դարձել է Խալիսկո նահանգը, իսկ ավելի ուշ դրանք տարածվել են նաև հարևան շրջաններում։ Մի շարք նահանգներում գործարկվել են արտակարգ անվտանգության արձանագրություններ և ուժեղացվել է իրավապահների ներկայությունը։
«Էլ Մենչո»-ի վնասազերծման գործողությունն իրականացրել են բանակի հատուկ ստորաբաժանումները՝ ռազմաօդային ուժերի և Ազգային գվարդիայի արագ արձագանքման խմբի մասնակցությամբ։ Նախապատրաստական փուլում ներգրավված են եղել ռազմական հետախուզությունը, Ազգային հետախուզական կենտրոնը և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասնագիտացված դատախազությունը։ Նշվում է նաև, որ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել են ամերիկյան իշխանությունները։
Գործողության ընթացքում ձերբակալվել է երկու ենթադրյալ անդամ։ Իրավապահները առգրավել են զենք և զրահատեխնիկա, այդ թվում՝ ռեակտիվ նռնականետեր, որոնք ունակ են խոցել օդային թիրախներ և ոչնչացնել զրահապատ մեքենաներ։ Երեք զինծառայող հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Անվտանգության միջոցառումները խստացնելու նպատակով Խալիսկո են ուղարկվում Ազգային գվարդիայի և բանակի լրացուցիչ ստորաբաժանումներ կենտրոնական և հարևան նահանգներից։






























