
«Դպրոցն ունի մեկ շրջանավարտ, 3 առաջին դասարանցի». լրագրողը` Ադրբեջանին սահմանամերձ բնակավայրի մասին

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը.
«Նոյեմբերյան խոշոր համայնքի սահմանամերձ Բարեկամավան գյուղի միջնակարգ դպրոցը կրում է այդ դպրոցի շրջանավարտ, Բարեկամավանի պաշտպանության ժամանակ զոհված Մայիս Ղարաքեշիշյանի անունը, դպրոցի առաջ հառնում է ազատամարտիկի կիսանդրին։ 2021-2022 ուսումնական տարում այդ դպրոցն ունեցել է ընդամենը 13 աշակերտ, դպրոցում 1-ին, 3-րդ, 5-րդ և 6-րդ դասարաններ չկային։
Միջնակարգ դպրոցն այս տարի ունեցավ մեկ շրջանավարտ՝ Արևիկ Վիրաբյանը։ Սեպտեմբերին այդ դպրոց կհաճախի 3 առաջին դասարանցի։ Փոքր բնակչություն ունեցող Բարեկամավանում գրեթե բոլորն են մասնակցում Վերջին զանգի միջոցառմանը։ Բարեկամավանը Տավուշի մարզի ամենահեռավոր, Ադրբեջանին սահմանամերձ բնակավայրն է։
Խորհրդային տարիներին և Հայաստանի անկախանալուց հետո առավել մեծ չափով Բարեկամավանից արտագաղթ է եղել։ 1970-ական թվականների կեսերին Բարեկամավանի ութամյա դպրոցն ուներ 330 աշակերտ, իսկ բարեկամավանցի 9-րդ և 10-րդ դասարանների աշակերտներն ուսումը շարունակում էին Կոթիի, Նոյեմբերյանի միջնակարգ դպրոցներում։ Գրեթե երկու տարի է, ինչ Բարեկամավանի դպրոցի շենքի տանիքի վերանորոգումը կիսատ է, անձրևներ և ձյուն տեղալու դեպքում ջուրը լցվում է շենքից ներս։ Տավուշի այն ժամանակվա մարզպետ Հայկ Չոբանյանը բարեգործներին ներկայացրել է, որ դպրոցի տանիքի նորոգման համար բավական է 8,5 միլիոն դրամը, մինչդեռ հետո արված հաշվարկները ցույց են տվել, որ տանիքի նորոգումն իրականացնելու համար հարկավոր է 12 միլիոն դրամ։
Ռուս բարերարները հանգանակել են 8,5 միլիոն դրամ՝ Բարեկամավանի դպրոցի շենքի տանիքը նորոգելու համար, տանիքի կեսն է նորոգվել, գումարը չի բավարարել նորոգումն ավարտելու համար, գործը 2020-ի սեպտեմբերից կիսատ է։ Դպրոցի շենքի տանիքի նորոգման համար անհրաժեշտ շինանյութն առկա է, սակայն բանվորներին աշխատավարձ վճարելու գումարներ չկան, Հայաստանի պետական բյուջեից այդ նպատակով աջակցություն չի ցուցաբերվել։ Բարեկամավանի դպրոցը, ինչպես և ողջ գյուղը, խմելու ջրի պակասություն է զգում, գյուղի տարածքում գործող խորքային հորից մատակարարվող ջրի որակն էլ բարվոք չէ։ Հայաստանի անկախության տարիներին մեծ թափ առած արտագաղթի հետևանքով հեռավոր, սահմանամերձ Բարեկամավանում հիմնականում մնացել են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, որոնց ծնողների մեծ մասը միջնակարգ կամ ութամյա կրթություն ունի։
Բարեկամավանում մանկապարտեզ չկա, և դպրոցի երեխաները նախադպրոցական կրթություն չեն ստացել: Գյուղում չի գործում որևէ մշակութային օջախ»: