Սահմանային իրավիճակի մասին Ալեն Սիմոնյանի հայտարարությունը հավաստի չէ
Մայիսի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով հարցին, թե ինչքանո՞վ կապ ունեն ընդդիմության ցույցերը արտաքին ուժերի հետ, հայտարարեց.
«Ընդդիմության հանրահավաքի առաջին հենց ժամերին մեր սահմանին ադրբեջանական կողմից մեծ տրամաչափով զենքի կիրառմամբ կրակոցներ են գրանցվել: Հետևությունները թողնում եմ ձեզ…»:
Ընդդիմության անհնազանդության ակցիաները մեկնարկել են ապրիլի երկրորդ կեսից: Մասնավորապես, ապրիլի 17-ին «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ իրենց պայքարին, իսկ ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Հարկ է նշել, որ Аuroranews.am-ը, ուսումնասիրելով ապրիլի երկրորդ կեսից միչև մայիս ամսվա սկիզբը ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջում ու ֆեյսբուքյան հարթակում տեղ գտած հայտարարությունները, չգտավ սահմանային միջադեպի մասին նման բովանդակությամբ որևէ տեղեկատվություն:
Դեռ մայիսի 4-ին Auroranews.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ ՊՆ` հասկանալու, թե ապրիլի 17-ից սկսած ադրբեջանական կողմից ՀՀ սահմանի ուղղությամբ գրանցվե՞լ են արդյոք մեծ տրամաչափով զենքի կիրառմամբ կրակոցներ: Եթե այո` ինչո՞ւ ՊՆ պաշտոնական հարթակներում սահմանային միջադեպի մասին հայտարարություն չի տարածվել:
Ի պատասխան մեր հարցմանը` ՀՀ ՊՆ-ից ստացված գրավոր պատասխանում մասնավորապես ասվում է, որ հրադադարի խախտման մասին գերատեսչության կայքում հրապարակվում է հիմնականում այն դեպքերում, երբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումներ կողմից արձակված կրակոցները կրում են ոչ մենահատ բնույթ կամ թիրախավորված են:
Հարկ է նշել սակայն, որ Ալեն Սիմոնյանը շեշտել էր մեծ տրամաչափով զենքի կիրառմամբ կրակոցների գրանցման մասին: Ստացվում է` Սիմոնյանի հայտարարությունը միանշանակ և հավաստի չէ: Գերատեսչությունը, փաստացի, չի հաստատում տեղեկությունը:






























