
Ինչպես են երկիրը դուրս բերելու այս իրավիճակից․ Սաղաթելյանը՝ իրենց անելիքների մասին

ԱԺ փոխնախագահ, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարկում մեկնարկած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ իրենց շատ հաճախ հարցնում են` ինչ է լինելու Նիկոլից հետո, նոր կառավարությունը երկիրն ինչպես է դուրս բերելու այս իրավիճակից։
«Ուժեղ Հայաստան կերտելու համար նախ պետք է հեռացնենք սրանց, ձևավորվի ուժեղ իշխանություն, որը կապահովի թուրքա–ադրբեջանական արտաքին ագրեսիայի զսպումը` արդիականացնելով Արցախի ու Հայաստանի միասնական անվտանգության համակարգը»,– հայտարարեց Սաղաթելյանը։
ՀՀ իշխանությունը, նրա խոսքով, պետք է նաև երաշխավորի Արցախի ինքնորոշման իրավունքը` բացառելով Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։
«Նոր իշխանությունը կբացառի ՀՀ տարածքի հաշվին հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անվան տակ միջանցքի տրամադրումը թշնամի երկրին։ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման ու դրա սպառնալիքի ներքո չի իրականացնի սահմանազատում ու սահմանագծում։ Հայաստան–Թուրքիա հարաբերություններում կբացառի որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև հայության հոգևոր մշակութային ժառանգության կրող լինելու իրավունքը»,– ասաց նա։
Ընդդիմադիր գործիչը հայտարարեց, որ նոր կառավարության առաջնահերթություններից է լինելու նաև հայ գերիների վերադարձը, պարենային անվտանգությունը։ Չի անտեսվելու նաև կադրային ճիշտ քաղաքականության խնդիրը։
«Պետության կառավարումից իսպառ բացառվելու են սուտը, պոպուլիզմը, կեղծիքը և անբանությունը։ Առաջնահերթ կարգով վերականգնվելու են գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները, վերակառուցվելու է պետական իրավապահ համակարգը»,– ասաց Սաղաթելյանը։
«Դիմադրություն» շարժման ներկայացուցիչը խոստացավ նաև իշխանափոխությունից հետո վերականգնել ազգային համերաշխությունը` վերացնելով ներքին ատելությունն ու պառակտվածությունը։ Անցյալի ու ներկայի արատավոր բարքերը, նրա խոսքով, ապագայում տեղ չեն ունենալու։