«Սեյրան Օհանյանը Շուշիից առանց նախազգուշացնելու հեռացավ՝ ինձ ու զինվորներին թողնելով միայնակ»․ Սիսեռյան

«Այդ օրերին ընդհանուր անհասկանալի իրավիճակ էր, և ոչ միայն Շուշիում: Տարբեր տեղերից սխալ տեղեկատվություն էր փոխանցվում։ Այսինքն՝ կարծում եմ, որ ԳՇ-ն Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ,  իշխանությանը կամ սխալ, կամ կիսատ ինֆորմացիա էին փոխանցում։ Ո՞րն էր նպատակը՝ չգիտեմ։ Ասում էին՝ ամեն ինչ լավ է, նորմալ է, բայց իրականությունը տեղում լիովին այլ էր»: 

 

Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար, 44-օրյա պատերազմի կամավոր Սերժ-Վարագ Սիսեռյանը՝ պատախանելով հարցին, թե ի՞նչ վիճակ էր վերջին օրերին, մասնավորապես Շուշիում ինչպիսի՞ն էր դրությունը և ինչպես էր կազմակերպվում քաղաքի պաշտպանությունը։

 

«Գնալով մեծանում էր փախուստի դիմողների թիվը, բայց չգիտես ինչու, այդ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության իշխանություններին ամբողջությամբ չէր փոխանցվում։ Նույն իրավիճակն էր նաև Շուշիում։ Ամսի 5-6 ին՝ Շուշիում շատ, թե քիչ մի քանի տասնյակ թվով զինվորներ ու կամավորականներ էին մնացել»։

 

Հարցին, թե ըստ Սիսեռյանի, ինչո՞ւ ընկավ Շուշին, կա՞ր հասցեական, հստակ պատասխանատու անձ այդ հարցում, վերջինս պատասխանեց․

 

«Այդ հարցը ճիշտ կլինի՝ ուղղեք Սեյրան Օհանյանին, որը այդ օրերին Շուշիի պաշտպանության փաստացի հրամանատարն էր: Սեյրան Օհանյանին մեկը, վերջ ի վերջո, պետք է հարց տա, թե ինչո՞ւ նա նոյեմբերի 5-ի երեկոյան Շուշիից դուրս եկավ առանց նույնիսկ այնտեղ տեղակայված վերջին խմբակներին տեղեկացնելու: Մեր կապը հրամանատարության հետ կտրվեց շատ անհասկանալի ու տարօրինակ ձևով, արդյունքում մենք մոտ 20-30 հոգով, մնացինք միայնակ։ Կարծում եմ՝ կգա օրը, և Սեյրան Օհանյանը ստիպված կլինի պատասխանել Շուշիում լքված զինվորների և կամավորականների հարցերին»։

 

Պատասխանելով այն հարցին, թե Շուշիի գրավման մասով 44-օրյա պատերազմի հետաքննությամբ զբաղվող ԱԺ հանձնաժողովը ինչպիսի՞ գործառույթներ ունի, արդյո՞ք բացի քաղաքական գնահատականից, հանձնաժողովի բացահայտումները պետք է հանգեցնեն իրավական հետեւանքների կոնկրետ պատասխանատուների համար, Սիսեռյանը նշել է․

 

«Հանձնաժողովը նախ և առաջ պետք է կանչի Օհանյանին, ինչպես նաև մեզ՝ այնտեղ գտնված կամավորականներիս, լսի վկայությունները։ Արդյունքում՝ կարծում եմ շատ բան կպարզվի, շատ հանգամանքներ կբացահայտվեն, կհստակեցվեն: Իսկ Սեյրան Օհանյանը այժմ մինչև հանրահավաքներին մասնակցելը, հայրենասիրական ճառեր արտասանելը, ճիշտ կանի, եթե հայելու մեջ նայի և ինքն իրեն հարց տա, թե ինչո՞ւ որպես Շուշիի փաստացի հրամանատար, մեզ՝ այնտեղ գտնվող տասնյակ զինվորներիս ու կամավորներիս, թողեց ու, առանց նախազգուշացնելու, ուղղակի «թռավ» Շուշիից բոլորիս համար անակնկալ հայտնվելով Երևանում: Կարծում եմ՝ նա պետք է առերեսվի իրականության հետ, և մինչ Երևանի հրապարակներում Արցախը «փրկելը», հանրությանը հստակորեն բացատրի, թե ինչո՞ւ այդ փրկչական գործը ձախողեց այն պահին, երբ իրոք դրա պահն էր ու իր պատասխանատվության ներքո»։

Քաղաքականություն