
ՌԴ ԱԳՆ-ից ադրադարձել են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին

Մոսկվան աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցմանը։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ–ի ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։
«Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցմանը։ Ռուսական կողմը տրամադրված է հետագայում ևս ամեն կերպ օգնել Երևանին և Բաքվին շփման եզրեր գտնելու հարցում, ստեղծել վստահության և փոխըմբռնման մթնոլորտ։ Միևնույն ժամանակ մենք ողջունում ենք երրորդ երկրների նախաձեռնությունները, որոնք կարող են լրացնել մեր եռակողմ ջանքերը, այլ ոչ թե հիմնված են աշխարհաքաղաքական խաղերի տրամաբանության վրա»,-հայտարարել է Գոնչարը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների իրագործման շրջանակում մի շարք խնդիրներ են լուծվում, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և հետագա սահմանագծման գործընթացի մեկնարկը, ինչպես նաև՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը։
«Մասնավորապես մենք պատրաստ ենք սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովին խորհրդատվական աջակցություն ցուցաբերել, տրամադրել անհրաժեշտ քարտեզագրական նյութեր»,- նշել է Գոնչարը՝ հավելելով, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում փորձում են հասնել տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման և զարգացման կոնկրետ նախագծերի արագ համաձայնեցմանը։
Անդրադառնալով «3+3» ձևաչափին՝ Դենիս Գոնչարը նշել է, որ «3+3» ձևաչափի շրջանակում երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են, ընդ որում, կողմերի համաձայնությամբ, Վրաստանի համար դռները բաց են։
«Ներկայումս ընթանում են «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի երկրորդ նիստի անցկացման նախապատրաստական աշխատանքները։ Դրա անցկացման վայրի և ժամկետների մասին կհայտարարվի։ Վստահ եմ, որ ձևաչափը լիովին համապատասխանում է նաև Վրաստանի շահերին, որի համար «դռները»՝ մասնակից երկրների համաձայնությամբ, մնում են բաց»,-ասել է Գոնչարը։
Գոնչարը նշել է, որ Մոսկվան ճիշտ է համարում «3+3»-ի ակտիվ գործարկումը Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների փոխգործակցության զարգացման համար։ Ըստ դիվանագետի՝ նման համագործակցությունը ենթադրում է հարցերի կոլեկտիվ քննարկում, այսինքն՝ ոչ թե սրում են քաղաքական հակասությունները, այլ՝ հակառակը, նպաստում են փոխվստահության խորացմանը։