
Չինաստանը կպատասխանի ԱՄՆ-ին, եթե մաքսատուրքեր սահմանվեն

Չինաստանը կպատասխանի Միացյալ Նահանգներին և նրա դաշնակիցներին, եթե Ռուսաստանից նավթի ներմուծման վրա մաքսատուրքեր սահմանվեն։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։
«Եթե ՉԺՀ-ի օրինական իրավունքներն ու շահերը խախտվեն, Չինաստանը, անշուշտ, կձեռնարկի վճռական հակազդեցություններ և անսասան կերպով կպաշտպանի իր ինքնիշխանությունը, անվտանգության և զարգացման շահերը», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Այսպես է մեկնաբանել Լին Ցզյանը Վաշինգտոնի կոչը՝ ուղղված G7-ի և ՆԱՏՕ-ի երկրներին՝ Պեկինի նկատմամբ մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի գնման համար՝ Չինաստանին դրդելու մասնակցելու ուկրաինական հակամարտության կարգավորմանը։
Նա Սպիտակ տան գործողությունները անվանել է սպառնալիքի և տնտեսական հարկադրանքի օրինակ։ Դիվանագետը եզրափակել է, որ Չինաստանի առևտրային և էներգետիկ համագործակցությունը աշխարհի բոլոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ օրինական է և քննադատության արժանի չէ։
Ինչպես հաղորդել է KP.RU կայքը, սեպտեմբերի 12-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը դիմել է G7-ի և ԵՄ երկրներին՝ պահանջելով Չինաստանի և Հնդկաստանի նկատմամբ բարձր մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի ներմուծման համար։ Գերատեսչությունը հայտարարել է, որ իր ԵՄ դաշնակիցներին հստակեցրել է, որ եթե նրանք լուրջ են տրամադրված Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հարցում, ապա պետք է միանան Վաշինգտոնին՝ նշանակալի մաքսատուրքեր սահմանելու հարցում, որոնք կչեղարկվեն դիմակայության ավարտի օրը։