
Հայաստանի դեմ գործածվող սպառնալիքը 1 աղբյուրից չէ, որ գալիս է. ԱՀԾ ղեկավար

Հետախուզական ծառայությունները իրազեկման նպատակը սպասարկելու հարցում ունեն որոշակի սահմանափակումներ։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրսիտիննե Գրիգորյանը՝ անդրադառնալով նրան, որ իր ղեկավարած գերատեսչության կողմից հրապարակված փաստաթղթում խոսվում է այն մասին, որ Հայաստանը ենթարկվում է հիբրիդային հարձակումների, սակայն այնտեղ նշված չեն անձանց, կառույցների ու երկրների անուններ։
«Իմ անձնական կարծիքով, բավականին թափանցիկ է գրված և այնտեղ շատ երկիմաստություններ չկան։ Նաև ասեմ, որ այդ անձնական կարծիքը և նախընտրությունը սահմանափակված է եղել ծառայության բնույթով, որովհետև ավանդաբար և նորմալ պայմաններում հետախուզությունները չեն բացահայտում իրենց հիմնական թիրախները, չեն դետալացնում դրանք, այլ հանգիստ աշխատում են այդ ուղղությամբ։ Դա նաև մեր արդյունավետության ապահովման երաշխիք է։
Չկա որևէ մեկ պետություն, որի նկատմամբ առաջադրված կամ պետության կողմից ընկալված իր դեմ գործածվող հիբրիդային սպառնալիքը գալիս է մեկ աղբյուրից։ Ուղղակի անհնար է լինել այդպիսի բան, և Հայաստանը այստեղ էլ բացառություն չէ։ Մեր հիբրիդային ռիսկի կամ հիբրիդային վտանգների աղբյուրները ունեն տարբեր աշխարհագրություն, և բնականաբար կոնֆլիկտի և սառը հարաբերությունների պատմությունը ունի իր որոշակի ազդեցությունը։ Դա չի կարելի և հնարավոր չէ հերքել, բայց մեր ծառայության խնդիրն է մեր ռադարները բաց պահել, որպեսզի կարողանանք շատ ավելի վաղ տեսնել բոլոր այն ռիսկերը կամ աղբյուրները և ճիշտ նույնականացնել։
Այստեղ երկրորդ շատ կարևոր հարցը կա, ում է վերագրվում, որովհետև հիբրիդային է հենց նրա համար, որ վերագրելիության հարց կա և աշխատել ընդունված մեթոդներով և նաև ականջալուր լինել զարգացումներին ու նաև մեր միջազգային գործընկերների հետ շփումներում, որովհետև ինչպես ես ասացի, անվտանգությունը թիմային սպորտ է ոչ միայն ներազգային կամ ազգային մակարդակում, այն թիմային սպորտ է նաև նույն արժեքները, նույն ուղղությունը, նույն ժողովրդավարության հետևից գնացող պետությունների համար։ Ուստի միջազգային մակարդակում գործընկեր պետությունների ու ծառայությունների հետ մեր համագործակցությունը նույնպես մեր գործիքակազմի մաս է կազմում»,- նշել է Քրսիտիննե Գրիգորյանը։