
Հիմա արդեն մարդիկ գիտեն՝ ինչի ենք մենք այստեղ․ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար

Երբ մենք եկանք այստեղ, կարողացանք կառավարել բնակչության ակնկալիքները. բոլորը մտածում էին, որ մենք պաշտպանական ուժ ենք, ԵՄ–ի պաշտպանիչ ուժն ենք, որը գալիս է պաշտպանելու Հայաստանը. մենք հստակեցրեցինք, որ դա չէ մեր գործառույթը։ Այս մասին «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում իր խոսքում նշել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։
«Հիմա արդեն մարդիկ գիտեն՝ ինչի ենք մենք այստեղ, և ինչ կարող ենք անել։ Մենք ԵՄ դիտորդական առաքելություն ենք, որն աշխատում է մի երկրում, որը մնում է ՀԱՊԿ–ի անդամ, որտեղ կան ռուսական զորքեր, և կա Ադրբեջանի հետ հակամարտություն և Ադրբեջանը չի ուզում մեզ հետ համագործակցել։ Սա բազմաթիվ ապատեղեկատվական արշավների առիթ է դառնում ընդդեմ մեր առաքելության։ Ոչ միշտ է հեշտ դրան արձագանքել, մենք գտել ենք որոշակի մեխանիզմներ դրան արձագանքելու։ Դա մեր ոճը չէ, որ եթե մեր մասին վատ բան ես ասում, մենք էլ քո մասին ասենք վատ բան։
Ներկայումս ապատեղեկատվությունը Ադրբեջանի կողմից լռել է, իրենք դադարեցրել են դա մայիսից։ Մենք դեռ ունենք խնդիրներ ՌԴ–ի հետ, բայց այս պահին կարծես վիճակը լավ է»,–ասել է նա։