Մենք արդար դատաքննության հույս չունենք․ Միքայել սրբազանի պաշտպան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավոր Արմինե Մխիթարյանն ավելի շատ վախենում է այն մարդկանց, ովքեր իրենից հաշիվ են պահանջելու, քան թե օրենքից։ Այս մասին այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Սրբազանի պաշտպաններից Արա Զոհրաբյանը։


«Ակնհայտ է՝ մարդը բան չի արել, բայց այսօր կալանքի տակ է, ես իմ պրակտիկայում այս կարգի անարդարության առաջին անգամ եմ հանդիպում։ Եզրափակիչ ելույթի ժամանակ Սրբազանը դատավորին չէր նայում, հույս չուներ, որ դատավորի վրա կարող է ազդել որեւէ տրամաբանված խոսք։


Սրբազանը լսարանի հետ էր խոսում, իսկ դատավորն էլ ուղիղ մի կետի էր նայումմ, Սրբազանին չէր նայում։ Մենք արդար դատաքննության հույս չունենք, որ քաջություն կունենա դատավորն արդար վճիռ կայացնելու։ Դատավորը, դատախազը պատասխան են տալու, եթե անօրիական քայլ կատարեն»,– ասել է Արա Զոհրաբյանը։


Նշենք, որ դատական նիստն այսօր հետաձգվել եւ նշանակվել է սեպտեմբերի 22–ին։ Այդ օրը ռեպլիկով հանդես կգա պաշտպանական կողմը, վերջին խոսքը կասի Սրբազանը եւ դատարանը կհեռանա վերդիկտ կայացնելու։

Քաղաքականություն