Լարված իրավիճակ՝ Վրաստանում. բողոքի ցույցերը շարունակվում են
Թբիլիսիում ընդդիմադիրներն ու ակտիվիստները զանգվածային բողոքի ակցիայի են դուրս եկել՝ մտահոգություն հայտնելով հոկտեմբերի 4-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և ԵՄ-ի հետ անվիզա ռեժիմի ճակատագրի վերաբերյալ։
Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում հավաքվել են ընդդիմադիր գործիչներ և կառավարության քաղաքականությանը դեմ հանդես եկող ակտիվիստներ։ Նրանք սկզբում մոտեցել են Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենքին։ Դրանից հետո ցուցարարները շարժվել են դեպի Ռուսթավելի պողոտայում գտնվող Վրաստանի խորհրդարան։ Ճանապարհին ցուցարարները կանգ են առել քաղաքապետ Կախա Կալաձեի նախընտրական շտաբի մոտ։
Նշվում է, որ բողոքի ցույցերին մասնակցում են ընդդիմադիր կուսակցությունների անդամներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև ուսանողներ և ընդդիմության կողմնակիցներ ընդհանրապես։
Հավելենք՝ հանրահավաքը կազմակերպվել էր ութ ընդդիմադիր կուսակցությունների կողմից, որոնք բոյկոտում են հոկտեմբերի 4-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Կազմակերպիչների հաղորդմամբ՝ հանրահավաքի հիմնական նպատակն էր արտահայտել դժգոհություն գործող իշխանությունների քաղաքականության նկատմամբ, աջակցել Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումներին և պաշտպանել ԵՄ-ի հետ անվիզա ռեժիմի հաստատումը: