Ինձ համար Արցախը կարմիր գիծ է․ Ռուբեն Վարդանյան․ ՍիվիլՆեթ
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը ապրիլի 24-ին հյուրընկալվել է ՍիվիլՆեթի Ստեփանակերտի տաղավարում։ Զրույցից մի հատված որոշ խմբագրումներով ներկայացված է ստորև։
– Ձեզ քննադատել են, «Հայաստանն առանց Արցախի ապագա չունի թեզը շատ վտանգավոր է» ասել է Քաղաքացիական պայմանագրից Վիգեն Խաչատրյանը, ինչը մեծ արձագանք է գտել։ Երբ ասում ենք՝ «Հայաստանն առանց Արցախի ապագա չունի», դա ավելի շատ գաղափարակա՞ն թեզ է, թե՞ իրոք այդպես է։
– Դա իմ կարծիքն է։ Ես դա ասել եմ բաց ու ասել եմ, որ նոյեմբերի 9-ից հետո ինձ համար փոխվել է իրավիճակը կտրուկ։ Ես կարող էի ինչ-որ բան քննադատել, ինչ-որ բան կարող էր ինձ դուր չգալ, բայց ինձ համար որպես հայի, որպես տաղամարդու և մարդու, որն ինչ-որ գաղափարներ ունի, ինձ համար Արցախը կարմիր գիծ է։ Կարող է՝ այդ մարդու համար դա կարմիր գիծ չէ, դա իր թեզն է։ Եվ ինձ համար դա ոչ թե կենաց է, ոչ թե լոզունգ է, դա գաղափարական․․․ իմ ուժն է։ Ես ինձ զգալով որպես արցախցի՝ որպես մարդ, ոչ թե որ ծնվել է Արցախում, ոչ թե որպես Արցախում արմատներ ունեցող, բայց որպես մարդ, որը տեսնում է, թե ինչքան է Արցախը հայ աշխարհի համար կարևոր՝ արժեքների կողմից, կյանքի ձևի, մտածելակերպի․․․ ընդհանուր պատմության հետ կապված խորությունը, որ այստեղ հարյուրամյակներով, հազարամյակներով ապրել են հայերը, և այդ հայկական ոգին այստեղ պահպանվել է, շատ կարևոր է ինձ համար։ Որովհետև, եթե ես ուզում եմ հայ մնալ, և հայկական աշխարհը զարգանա, Արցախը կորցնելը ոչ թե հողակտոր կորցնել է, այլ կորցնելն է մեր արմատային արժեքների, արմատային մեր ուժի։ Ինձ համար այդպես է։ Ինձ համար դա կարմիր գիծ է, և դրանից հետո ես հայտարարեցի, որ ինձ համար քաղաքական-հասարակական աշխարհ մտնելու ավելի ակտիվ պատճառը դա է եղել, և դա չի փոխվելու։
Ես ասել եմ և ասելու եմ՝ չգիտեմ՝ ինչ է ստորագրելու Հայաստանի կառավարությունը, ինչ պայմանագիր է ստորագրելու, եթե դա վնասելու է Արցախին, եթե դա վնասելու է Արցախում ապրելու արցախցիների հնարավորությանը, ես դա չեմ ընդունելու։ Եվ ես հիմա եմ ուզում ասել՝ ես գալու եմ Արցախի ժողովրդի կողքը կանգնեմ և ասեմ՝ ես այստեղ ձեզ հետ միասին չեմ թողնելու, որ այդ բանը իրականացվի, ինչ-որ մեկը մեր անունից․․․ կարող է լեգիտիմ հնարավորություն ունենալով, բայց լեգիտիմը քիչ է։ Այդ որոշումները պետք է լինեն ազգային։ Եվ ես որպես հայ, որպես մարդ, որը որոշել է, որ դա իր համար կարևոր է․․․ դա ինձ համար շատ կարևոր հարցերից մեկն է և սկզբունքային է։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում