Փաշինյանի օրոք ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանող զրահաբաճկոնների, սաղավարտների գործարանը փակվեց․ Էդգար Ղազարյան
Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում դադարեցվել է ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանող զրահաբաճկոնների, սաղավարտների և տեսադիտարկող սարքերից քողարկման ցանցերի արտադրությամբ զբաղվող հայ-լեհական «Լուբավա-Արմենիա» ընկերության գործունեությունը, որի 50%-ի սեփականատերը հանդիսանում էր ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Այս մասին հայտնում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին մարզպետ, դեսպան Էդգար Ղազարյանը։
Հիշեցնենք՝ դեռ 2019 մայիսին Հայաստանում Լեհաստանի նախկին դեսպան Յեժի Մարեկ Նովակովսկին կոշտ գնահատականներ էր հնչեցրել և նշել, որ
Հայաստանը հայտնվել է ավելի ծանր վիճակում, քան կար, մանավանդ, ներդրումների մասով: Նրա տեղեկություններով, Հայաստանում 2014 թվականից գործող «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական առաջին համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունը, չի բացառվում, որ լքի Հայաստանը: Նա պատմել էր նաև, որ այդ մասին իմացել է մասնավոր զրույցում եւ շատ փակագծեր չի բացում:
Verelq.am լրատվակայքը դեռ 2019 թվականին անդրադարձել էր այս թեմային և նշել, որ 2017-ին հայտնի դարձավ, որ ձեռնարկությունը 1,7 մլն դոլարի հանդերձանք/սարքավորում է արտադրում ՀՀ զինուժի համար։
«Հետաքրքիր է, որ պաշտոնական կայքում նշված «Լյուբավա-Արմենիա» ՓԲԸ չկարողացանք գտնել պետռեգիստրի կայքում: Այնուհետեւ պարզվեց, որ 02810067 ՀՎՀՀ կոդի տակ գրանցված ըներությունը կրում է այլ անվանում՝ «ՉՏԳ ԳՐՈՒՓ» ՓԲԸ: Արդյոք ի սկզբանե է ընկերությունը գրացված եղել այս անվանմամբ, թե ընթացքում է փոխել անվանումը, չհաջողվեց պարզել: Չէին պատասխանում նաեւ ընկերության կայքում տեղադրված հեռախոսահամարները: Հնարավոր է՝ տոնական, ոչ աշխատանքային օրվա պատճառով:
Ըստ ընկերության պաշտոնական կայքի, ձեռնարկությունը գտնվում է Չարենցավան քաղաքում՝ Եսայան 2/1 հասցեում: ՊԵԿ-ի Հարկ վճարողների փնտրման համակարգում ընկերության կարգավիճակը նշվում է «գործող»: Սակայն ըստ ՊԵԿ-ի տվյալների, ընկերությունը տարիներ շարունակ գործել է վնասով: Այն 2016 թ-ի տվյալներով վնաս հայտարարագրած ընկերությունների ցանկում 109-րն է՝ 265 մլն դրամ բացասական ցուցանիշով: Սրանք այն տվյալներ են, որ կարողացանք գտնել բաց աղբյուրներից:
Դատելով ՊՆ-ի մեր աղբյուրի հայտնած տեղեկության, որ ընկերության արտադրանքը՝ գին արդյունավետություն համեմատության տեսանկյունից բավականին թանկ է, ու հայկական կողմն այս առումով այդքան էլ հակված չէ վերջինիս ռազմական նշանակության սարքավորումները ձեռք բերելու հարցում եւ դեսպանի հայտարարության, կարելի է ասել, պատահական չէ, որ ձեռնարկությունը ցանկանում է հեռանալ Հայաստանից:
Հետաքրքիր է, որ ընկերությունը տարիներ շարունակ աշխատում է վնասով, որի արտադրանքը հայկական կողմը նպատակահարմար չի գտնում ձեռք բերել: Իսկ թե ինչու վերջին մի քանի տարում հարյուրավոր միլիոն դրամների վնաս կրած ձեռնարկությունը հիմա է հայտարարում Հայաստանը լքելու մասին, կարելի է միայն ենթադրել:
Հարց է ծագում՝ արդյոք այն կապվա՞ծ է Հայաստանում իշխանափոխությունից հետո, հատկապես ՊՆ-ում խաղի կանոնների վերանայման ու կոռուպցիոն սխեմաների էականորեն սահմանափակման հետ»:
2015-ին Մեդիամաքսի հետ զրույցում ընկերության տնօրեն Յարոսլավ Ռուխն ասել էր, որ արտադրանքի հիմնական պատվիրատուն և սպառողը ՀՀ պաշտպանության նախարարությունն է: Նաև հավելել, որ արտադրանքից ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը ևս օգտվում է։
Aysor.am-ի հետ զրույցում էլ Յարոսլավ Ռուխն ասել էր, որ ձեռնարկության արտադրանքի 20%- ն է միայն ռազմական նպատակներին ծառայում, մյուս 80%-ը՝ քաղաքացիական արտադրանք է: Զրահաբաճկոնները, նրա խոսքով, արտադրվում են երկու տեսակի ներդիրներով՝ կերամիկական (կշռում է մոտ 3 կգ ու կարող է դիմակայել Դրագունովի դիպուկահար հրացանի կրակոցին) և կեվլարային (կշռում է մոտ 1.5 կգ և կարող է դիմակայել Կալաշնիկով ավտոմատի 6 խոցման):
ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական վարչության պետ, գնդապետ Մուրադ Իսախանյանն ասել էր, որ կազմակերպությունը հիմնվել է 51%-49% համամասնությամբ, որից 51%-ը պատկանում է լեհական «Լյուբավային», 49%-ը՝ ՀՀ Պաշտպանության նախարարությանը։ Սա ամրագրված է նաև կառավարության որոշմամաբ։ Որոշման մեջ նշվում է, որ «Լյուբավա-Արմենիայի» պետական բաժնեմասի կառավարման իրավունքը վերապահված է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:
Ըստ Media.am-ի 2017 և 2018 թվականներին վնաս կրած ընկերույթունների ցանկում «Լյուբավան» ևս ընդգրկված է, սակայն վնասի չափն այս դեպքում չի նշվում։ Սա այն դեպքում, երբ տարիներ շարունակ ընկերությունը 10մլն դրամ և ավել հարկ վճարողների ցուցակում է եղել։ Azdarar.am-ից էլ տեղեկանում ենք, որ ՓԲԸ-ի տնօրեն Յարոսլավ Պավել Ռուխին 2020-ին վարչական պատասխանատվության է ենթարկեվել՝ սահմանված ժամկետում ընկերության հարկերը չվճարելու համար։