«Ռուսաստանի նպատակներն այս պահին բավական սահմանափակ են ու կոնկրետ». Անդրեյ Կորտունով
Հիմքեր չկան կարծելու, որ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունը մինչեւ ժամկետի ավարտը կվերջանա։ Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովը։
Նրա խոսքով, Մոսկվան բավականին իրատեսորեն է մոտենում այս պահին ստեղծված իրավիճակի գնահատմանը։ «Ըմբռնում կա, որ, ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում Ղարաբաղի կարգավիճակի հարցերը չի հաջողվի լուծել, եւ, հետեւաբար, ռուսական դիրքորոշումն այն է, որ այս տարածքում թույլ չտրվի նոր էսկալացիա, թույլ չտրվի որեւէ էքսցես, որից կարող են տուժել տարածաշրջանի բնակիչները։ Եվ հնարավորինս նպաստել հումանիտար խնդիրների եւ տնտեսական համագործակցության հարցերի լուծմանը, օրինակ՝ կապված հակամարտության ընթացքում արգելափակված տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման հետ։ Այսինքն՝ Ռուսաստանի նպատակներն այս պահին բավական սահմանափակ են ու կոնկրետ։ Այս նպատակներին հասնելուն զուգընթաց՝ հավանաբար, կարող են դրվել ավելի հավակնոտ խնդիրներ, որոնք ներառում են կարգավիճակի հարցը»։
Կորտունովը նշեց, որ գոյություն ունի Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության մանդատ, գոյություն ունեն նրանց գտնվելու երկու կողմերի հետ համաձայնեցված ժամկետներ։ «Նրանք այնտեղ են 5 տարի՝ անհրաժեշտության դեպքում երկարաձգելու հնարավորությամբ։ Եվ որքան ես հիմա գիտեմ, կողմերից ոչ մեկը չի բարձրացրել մանդատի վաղաժամկետ դադարեցման կամ ռուս խաղաղապահների դուրսբերման հարցը։ Ինձ թվում է, որ (մանդատը) երկարաձգելու շուրջ բանակցությունները, թեեւ դեռ այդ ժամանակը չի եկել, դժվար կլինեն, եւ, հնարավոր է, խաղաղապահների մանդատի որոշակի շտկում պահանջվի։ Սակայն այժմ հիմքեր չունենք ենթադրելու, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը կվերջանա մինչեւ համաձայնագրով սահմանված ժամկետի ավարտը։ Կցանկանայի, որ մնացած ժամանակում հնարավոր լիներ ոչ միայն պահպանել կայունությունը, կանխել էսկալացիան, այլեւ հասնել այս տարածքում նորմալ սոցիալ-տնտեսական կյանքի վերականգնման, հասնել այն նպատակներին, որոնք դրված են տրանսպորտային միջանցքների լուծման առումով, որպեսզի երբ ավարտվի ռուս խաղաղապահների մանդատը, մենք ունենանք ավելի կայուն իրավիճակ, որը կերաշխավորի բազմազգ տարածքի գոյությունը՝ այստեղ ապրող բոլոր համայնքների իրավունքների պահպանմամբ»։