«Ամենացանկալի տարբերակն Արցախի համար Հայաստանին միանալն է». Գեղամ Ստեփանյան
Ռուսաստանի հետ ուղիղ եւ ուղղահայաց հարաբերությունների հաստատումը դեռեւս չի քննարկվում, սակայն դա հնարավոր սցենարներից մեկն է։ Այս մասին NEWS.am-ի՝ «ՈՒԺԻ ԳՈՐԾՈՆԸ» հաղորդաշարի ընթացքում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշպան Գեղամ Ստեփանյանը։
«Որեւէ նման բան դեռ որոշված չէ, բայց նախագահի այս խոսքն ուղիղ բխում է մեր այն դիրքորոշումից, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Մեզ համար հստակեցված այդ կարմիր գծից բացի, մենք հավանական ենք համարում տարբեր սցենարներ։ Բանակցային գործընթացի ամբողջ ընթացքում Արցախի անկախության ճանաչման հարց սեղանին դրված չի եղել, խոսվել է ինքնորոշման իրավունքի իրացման մասին։ Զորախմբի թվաքանակի մեծացման խնդրանքի դիմում եղել է, որովհետեւ իրավիճակն իրապես այնպիսին է, որ առկա 2 հազար հոգանոց զորախումբը բավարար չէ վերջին օրերի ադրբեջանական ագրեսիան զսպելու համար։ Կարծում եմ՝ այն ժամանակ՝ երբ տեղակայվում էր զորախումբը, ճիշտ գնահատում չի արվել»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։
Արցախի ՄԻՊ-ի խոսքով՝ այսօր Արցախում օտարերկրյա միակ ներկայացվածությունը Ռուսատանինն է, եւ այս փաստի հետ հաշվի չնստելն անհնար է։ «Անվտանգության երաշխավորը ռուսական խաղաղապահ զորքերն են, կարեւոր դերակատարներից մեկը Ռուսաստանի Դաշնությունն է եւ շատ տրամաբանական է, որ Արցախի իշխանությունը փորձում է ռուսական տարբեր խողովակների հետ մտնել կապի մեջ եւ մեր ասելիքը տեղ հասցնել»,- ընդգծեց Ստեփանյանը։
Գեղամ Ստեփանյանի դիտարկմամբ՝ ամենացանկալի տարբերակը Արցախի համար Հայաստանին միանալն է, սակայն այդ հավանականությունն իջել է 44-օրյա պատերազմից հետո։
«Սա 1988 թվականի շարժման ամենապարզ պահանջն էր։ Այս առումով մեր դիրքորոշման մեջ չի փոխվել ոչինչ, բայց դա իրատեսակա՞ն է արդյոք։ Կարծում եմ, որ նախագահի խոսքն այս մասով հենց հավանականության մասին էր, այսինքն՝ ինքն ասաց քիչ հավանական է, ինքը չի նշում, որ չենք ուզում։ Եթե հավանականությունը լինի բարձր, ապա, իհարկե, դա ամենանախընտրելի տարբերակն է»,- նշեց Ստեփանյանը։
Գեղամ Ստեփանյանի դիտարկմամբ՝ բոլոր սցենարներն են քննարկելի՝ բացառությամբ այն տարբերակի, որ Արցախը որեւէ կարգավիճակով կարող է լինել Ադրբեջանի կազմում։ «Եթե բանակցությունների արդյունքում ձեւավորվի որեւէ մոտեցում, որն ընդունելի կլինի մեզ համար, մենք կգնանք այդ ճանապարհով»։