ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի մասին մեր ընկալումներն այլ են. Էդուարդ Աղաջանյանը՝ Լավրովի հայտարարության մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի մասին մեր ընկալումներն այլ են: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ զրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Արեւմուտքը չեղարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը։
 

«Մեր դիրքորոշումը կամ մեր ընկալումները այլ են, և ռուսական կողմից բնականաբար, թերևս, անհրաժեշտություն չկա դրա մասին խոսել, ռուսական կողմից մենք ունենք դրական ազդակներ, պատրաստակամություն շարունակելու այս ձևաչափով աշխատանքները։ Եվ նույն պատրաստակամությունը, ըստ էության, առանձին շփումներում ստացել ենք թե՛ Ֆրանսիայի, թե՛ ԱՄՆ մեր գործընկերների հետ»,– ասել է նա։
 

Էդուարդ Աղաջանյանը հավելել է, որ այդ առանձին շփումներում ԱՄՆ-ն և Ֆրանսիան, այնուամենայնիվ, ընդգծել են, որ այս ժամանակահատվածը որոշակի դժվարություններ և բարդություններ է ստեղծում իրենց ռուս գործընկերոջ հետ մեկ սեղանի շուրջ նստելու տեսանկյունից։ «Եվ ենթադրում եմ, որ նույն խնդիրը հակառակ կողմում ևս հնարավոր է, որ լինի»,– ասել է նա։
 

Հարցին, թե արդյոք սա չի նշանակում, որ հարկավոր է նոր ձևաչափ փնտրել, Էդուարդ Աղաջանյանն ասել է․«Ոչ, ես հենց դրան էի ուզում անդրադառնալ։ Ես կարծում եմ, որ սա առնվազն նշանակում է, որ Մինսկի խմբի գործունեության ակտուալությունը որևէ կերպ չի կարելի հարցականի տակ դնել»։

 

Դիտարկմանը, թե Սերգեյ Լավրովն ասել է, որ Արևմուտքը չեղարկել է Մինսկի խմբի եռանախագահությունը, Էդուարդ Աղաջանյանն արձագանքել է․«Դա Լավրովի ընկալումն է։ Ես վստահ եմ, որ այս լարված ֆոնին, բնականաբար, նմանատիպ ընկալումներ հնարավոր են, այդ թվում՝ մյուս կողմի մեր գործընկերների համար»:

Քաղաքականություն

Պատահարներ