Lրտեսող ծրագրի մասին Apple-ից նախազգուշական նամակ Հայաստանում 2-ից ավելի մարդ է ստացել, սովորաբար, նրանք շատ կարևոր մարդիկ են. Սամվել Մարտիրոսյան

Apple-ից նախազգուշական նամակ Հայաստանում 2-ից ավելի մարդ է ստացել, որովհետև ես ուրիշ դեպք էլ գիտեմ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով այս գիշեր ընկերության կողմից ստացված նախազգուշական նամակին, որով հեռախոսների տերերը ծանուցվել են իրենց հեռախոսներում Pegasus լրտեսող ծրագրի մասին։

«Առնվազն մի քանի մարդ ստացել է այդ նամակից։ Google-ը, Apple-ը և մի շարք այլ կազմակերպություններ ունեն ծրագիր, որով, եթե հայտնաբերում են, որ կա պետական հաքերային հարձակում, ապա նախազգուշացնում են։ Հաշվի առնելով, որ հիմա Apple-ի հեռախոսները լուրջ հարձակման տակ են, և դրանք վարակելու համար Pegasus կոչվող լրտեսող ծրագիր է օգտագործվում, ընկերությունը փորձում է սրա դեմ պայքարել», - նշել է մեդիափորձագետը։

Սամվել Մարտիրոսյանը շեշտեց՝ տարբեր ժամանակներում Pegasus լրտեսող ծրագիրն օգտագործվել է ոչ միայն Ադրբեջանի, այլև աշխարհի այլ կառավարությունների կողմից։

«Կոնկրետ հայաստանյան դեպքերը պետք չէ մտածել, որ Ադրբեջանի կողմից են եղել։ Միաժամանակ, հարձակման մասին մանրամասներ չեն հաղորդվում, ավելին՝ ընկերությունն անգամ կարող է չիմանալ՝ որտեղից է եղել կիբերհարձակումը, որովհետև հաքերը քողարկվում է», - նշեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ եթե մարդը նախազգուշացնող նամակ է ստաում, ի՞նչ պետք է անի, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց՝ հենց նույն նամակում Apple-ը մանրամասն տեղեկացնում է հեռախոսի սեփականտիրոջը՝ ինչ քայլեր կատարել։ Սակայն ամենակարևոր գործողություններից մեկը, ըստ մեդիափորձագետի, հեռախոսն անընդհատ թարմացված պահելն է։

«Հասարակ մարդը նման նամակ չի ստանա, որովհետև նման հաղորդագրությունները շատ թանկ են և թիրախային, այսինքն՝ սպասել, որ ինչ-որ հասարակ քաղաքացի կարող է նախազգուշացնող նամակ ստանալ, ճիշտ չի լինի։ Նման նամակներ ստացողները շատ կարևոր մարդիկ են», - եզրափակել է Սամվել Մարտիրոսյանը։

Հիշեցնենք՝ Pegasus-ը լրտեսող ծրագիր է, որը կարող է անտեսանելի կերպով տեղադրվել բջջային հեռախոսների և այլ սարքերի վրա, որոնք աշխատում են Apple iOS և Android օպերացիոն համակարգերի որոշ տարբերակներով: Ծրագիրը մշակված է իսրայելական NSO Group ընկերության կողմից:

Քաղաքականություն