ՆԳՆ-ում կստեղծվի Հանցավորության վիճակագրության կենտրոն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթի տեղեկություններով՝ Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել վարչապետի՝ 2023 թվականի մարտի 14-ի N 270-Լ որոշման մեջ։
Ներկայում ՆԳՆ ոստիկանության կազմում գործում է ինֆորմացիոն կենտրոն, որի հիմնական գործառույթը պետական հաշվառումների իրականացումն է։ Այն վարում է տարբեր շտեմարաններ՝ հետախուզվող անձանց, անհայտ կորածների, դատապարտյալների, հափշտակված առարկաների, տրանսպորտային միջոցների և այլնի վերաբերյալ։
Ըստ ներկայացված նախագծի՝ ՆԳՆ կազմում նախատեսվում է ստեղծել նոր հիմնական մասնագիտական ստորաբաժանում՝ «Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոն» անվանումով։ Կենտրոնը կզբաղվի հանցանքների և վարչական իրավախախտումների հաշվառմամբ, դրանց կանխարգելման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրմամբ և վերլուծությամբ։
Բացի այդ, կառույցը կձևավորի միասնական հանրապետական բազաներ, կհանրագրի պաշտոնական վիճակագրությունը, կիրականացնի քրեածին իրավիճակի կանխատեսումներ և կկազմակերպի թեմատիկ հետազոտություններ։
Նորաստեղծ կենտրոնը կունենա հանրապետական նշանակություն՝ ամփոփելով և ստանդարտացնելով իրավապահ մարմինների տվյալները։ Այն կնպաստի իրավապահ համակարգի արդյունավետության բարձրացմանը և տվյալների թվայնացմանը՝ ապահովելով հանցավորության դինամիկայի ավելի խորքային վերլուծություն։





























