Իլոն Մասկը ստեղծել է «Գրոկիպեդիա»՝ որպես այլընտրանք «Վիքիպեդիային»
Միլիարդատեր Իլոն Մասկի արհեստական բանականությամբ զբաղվող xAI ընկերությունը գործարկել է նոր հարթակ՝ «Գրոկիպեդիա», որը ներկայացվում է որպես «Վիքիպեդիայի» բարելավված տարբերակ՝ ընդգրկելով նաև այն աղբյուրները, որոնք պաշտոնապես արգելված են վերջինիս մեջ։
Ինչպես գրում է РИА Новости-ն, «Գրոկիպեդիան» տարբերվում է «Վիքիպեդիայից» իր բովանդակությամբ․ այն ներառում է պատմական նախադրյալների նկարագրություն, ինչպես նաև անդրադարձ է կատարում ուկրաինական բանակի կողմից իրականացված պատերազմական հանցագործություններին և պարտադիր զորակոչին։
Նոր հարթակը ստեղծվել է xAI ընկերության կողմից, որը զբաղվում է Grok արհեստական բանականության համակարգի մշակմամբ։ Սեպտեմբերի վերջին Իլոն Մասկը հայտարարել էր, որ իր ընկերությունը նախատեսում է վերաշարադրել «Վիքիպեդիայի» նյութերը՝ ներառելով նաև այն լրատվամիջոցների տվյալները, որոնք վերջինիս կողմից չեն մեջբերվում։
Նրա խոսքով՝ «Գրոկիպեդիան» լինելու է «Վիքիպեդիայի» «էական բարելավում»։ Հարթակում տեղադրված հոդվածներից մեկը, որը նվիրված է Ուկրաինայում ընթացող իրադարձություններին, սկսվում է պատմական համատեքստի ներկայացմամբ՝ հիշատակելով Կիևյան Ռուսիան որպես ռուսների և ուկրաինացիների ընդհանուր ծագման հիմք։
Հոդվածում նաև նշվում է, որ Ղրիմի բնակչության մեծ մասը ռուսներ են, իսկ Մինսկի համաձայնագրերի խախտումները տեղի են ունեցել երկու կողմերի կողմից։





























