Այս ձմեռը կարող է շրջադարձային լինել Ուկրաինայի համար. Գերմանիայի ԱԳՆ
Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ այս ձմեռը կարող է որոշվել Ուկրաինայի հետագա ճակատագիրը՝ շարունակվող ռազմական հակամարտության պայմաններում։ Ինչպես հաղորդում է br.de պորտալը, Վադեֆուլը կոչ է արել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին հանդես գալ «որոշակի և վճռական աջակցության» նախաձեռնությամբ։
«Այս ձմեռը վճռորոշ է։ Ուկրաինան պետք է պահպանի իր պաշտպանունակությունը», — ընդգծել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը։
Նրա խոսքով՝ անցած շաբաթ «կամավորների կոալիցիան» քննարկել է, թե ինչպես կարող է Եվրոպան օգնել Ուկրաինային «անցնել այս ձմեռը»՝ հաշվի առնելով էներգետիկ և ռազմական մարտահրավերները։ Վադեֆուլը հավելել է, որ Ուկրաինան միշտ կարող է ապավինել Գերմանիայի աջակցությանը, քանի որ Բեռլինը «հատուկ պատասխանատվություն է կրում» այս հարցում։
Ավելի վաղ բրիտանական The Economist պարբերականը գրել էր, որ Ռուսաստանը սկսել է իրականացնել նոր ռազմավարություն՝ ուղղված Ուկրաինայի էլեկտրաէներգետիկ համակարգի թուլացմանը՝ ձմռանը նախապատրաստվելիս։
Ռուսական ուժերը հարվածներ են հասցնում ուկրաինական ենթակառուցվածքին դեռ 2022 թվականի հոկտեմբերից՝ Կրիմի կամրջի պայթյունից հետո։ Այդ ժամանակից ի վեր Ուկրաինայի տարբեր շրջաններում պարբերաբար հայտարարվում է օդային տագնապ, իսկ Ռուսաստանի ՊՆ-ն պնդում է, որ հարձակումները իրականացվում են էներգետիկ, պաշտպանական և կապի օբյեկտների վրա։
Նշենք, որ Արևմուտքում վերջին շաբաթներին հայտարարել են ռուսական զորքերի հարձակողական գործողությունների ակտիվացման մասին Դոնբասի ուղղությամբ։





























