Խոշոր ավտովթար. պայմանագրային զինծառայողի BMW-ն բախվել է Mercedes-ին, ապա մոտ 3մ բարձրությունից ընկել. 5 անձ հոսպիտալացվել է

Ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի  6-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: 

Այդ օրը՝ ժամը 17;40-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր 1-ին կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ, 26-ամյա Գեորգի  Ստեփանյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով բախվել է  հանդիպակաց երթևեկող, Լոռու մարզի բնակիչ, 38-ամյա Արմեն Վարդանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային, ապա դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 3 մ բարձրությունից ընկել և գլխիվայր հայտնվել բնակչի տան տարածքում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Ստեփանյանը, նրա ուղևորներ Լոռու մարզի բնակիչներ՝ 26-ամյա Բորիս Սահակյանը, 55-ամյա Աննա Սահակյանը, Ինա Սահակյանը, ում տարիքը ճշտվում է, և Mercedes-ի վարորդ Ա. Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  վարորդներից Գ. Ստեփանյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող: