Մանրամասներ MAN մակնիշի բեռնատարի վթարի մասին

Երեկ՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Ալավերի քաղաքի Թումանյան փողոցի սկզբնամասում՝ երկաթուղու վրայով անցնող կամրջի վրա, Կոտայքի մարզի բնակիչ՝ 39-ամյա Մնացական Թ-ն իր վարած MAN մակնիշի բեռնատարով դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Մնացական Թ-ն տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն։ Վթարի հետևանքով նշված կամրջի եզրային արգելապատնեշներից մի հատված, ինչպես նաև ավտոմեքենայի բեռի մի մասը շուրջ 10 մետր կամրջից թափվել է ցած և լցվել երկաթգծի վրա՝ վնասելով երկաթծի որոշ հաղորդալարեր, ու ժամանակավորապես փակել է երկաթգծի ուղին։  Ժամանել են ոստիկանները և տեղում աշխատել են երկաթուղու ներկայացուցիչները, ովքեր մի քանի ժամ աշխատանքներ են իրականացրել, և երկաթուղին բացվել է։  Այս պահին ձեռնարկվում են միջոցառումներ՝ վնասված հաղորդալարերը և երկաթգծի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։ Լրատվակայքը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել մի քանի տոննա կարտոֆիլով։  

Քաղաքականություն

Պատահարներ