Էրդողանն ու Ղարիբաշվիլին քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երեքշաբթի երեկոյան Նյու Յորքում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը՝ անդրադառնալով նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակին։ Այս մասին այսօր հաղորդել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Պաշտոնական Թբիլիսիի տարածած հաղորդագրության համաձայն` երկու երկրների ղեկավարները խոսել են ականապատման քարտեզների դիմաց Ադրբեջանի կողմից 15 հայ ռազմագերիների՝ Վրաստանի կառավարության միջնորդությամբ իրականացված վերադարձի մասին։ «Ղարիբաշվիլին և Էրդողանն ընդգծել են, որ այդ փոխանակումը հարևանների միջև համագործակցության լավ հիմք է հանդիսանում», - նշված է մամուլի հաղորդագրության մեջ։
«Վրաստանի կարևորագույն խնդիրը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումն է։ Մեր երկիրը պատրաստ է իր խաղաղապահ գործառույթները կատարել՝ հանուն կովկասյան տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման», - դիմելով Էրդողանին` հայտարարել է Վրաստանի վարչապետը։