«Բարսելոնան» փորձում է ձեռք բերել Նեյմարին

Իսպանական «Բարսելոնայի» նախագահ Ջոան Լապորտան ասել է, որ ակումբը փորձում է ձեռք բերել ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ Նեյմարին:

Նեյմարը «Բարսելոնայում» խաղացել է 2013-2017 թվականներին, որից հետո տեղափոխվել է «ՊՍԺ»: Բրազիլացու տրանսֆերի համար փարիզյան ակումբը վճարել է 222 միլիոն եվրո փոխհատուցում: Ընթացիկ մրցաշրջանի ամառային տրանսֆերային պատուհանը փակվեց օգոստոսի 31 -ին:

«Մենք փորձեցինք պայմանագիր կնքել Նեյմարի հետ: Եվ նա ցանկանում էր գալ: Մենք այլ կերպ էինք մեկնաբանում ֆինանսական ֆեյր -փլեյի կանոնները, եթե ճիշտ հասկանայինք, նույնիսկ առաջարկ չէինք անի», - Լապորտայի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Լապորտան նաև ասել է, որ Սուպերլիգայի ֆուտբոլի նախագիծը չի փակվել:
«Նախագիծը կա: Մենք հաղթել ենք բոլոր դատարաններում: ՈւԵՖԱ-ն չի կարող մեզ կանգնեցնել: Բացի այդ՝ անգլիական ակումբների վրա գործադրվող ճնշումը ազդեցություն չուներ», - ասել է «Բարսելոնայի» նախագահը: