«Ալաշկերտ»-ը Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում է. հաջորդ մրցակիցը Սթիվեն Ջերարդի գլխավորած թիմն է
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 3-րդ տուրի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը հյուրընկալել էր Ղազախստանի չեմպիոն «Կայրաթ»-ին: Այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 0:0։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թիմերը բավականին ակտիվ սկսեցին հանդիպումը: «Ալաշկերտ»-ը նույնիսկ հնարավորություն ուներ բացելու հանդիպման հաշիվը, սակայն խաղից դուրս վիճակ կար:
Թիմերը փոխադարձաբար գրոհում էին՝ փորձելով գտնել միմյանց դարպասը տանող ամենախոցելի օղակը: Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ն օգտագործեց իր արագ հակագրոհը և 43-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ: Աչքի ընկավ Ժոզե Էմբալոն:
«Կայրաթ»-ից երկար ժամանակ չպահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու համար: Առաջին խաղակեսի առաջին ավելացված րոպեին գոլի հեղինակ դարձավ Աիբոլ Աբիկեն: Թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվով:
Երկրորդ կեսի հենց մեկնարկում «Ալաշկերտ»-ը արագ առաջ անցավ հաշվի մեջ: Դուբլի հեղինակ դարձավ Էմբալոն: Ընդամենը 10 րոպե անց «Կայրաթ»-ը կրկին հավասարեցրեց հանդիպման հաշիվը: Գոլն իր ակտիվում գրանցեց փոխարինման մտած Արթուր Շուշենաչևը:
Րոպեներ անց «Կայրաթ»-ը մնաց 10 ֆուտբոլիստով: Կարմիր քարտը ստացավ Դենիս Պոլյակովը, ով շատ կոպիտ գործեց Արտակ Գրիգորյանի դեմ:
Հանդիպման վերջնամասում «Ալաշկերտ»-ը տիրել էր նախաձեռնությանը, սակայն հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:
«Կայրաթ»-ը լրացուցիչ ժամանակում մնաց արդեն 9 ֆուտբոլիստով: Կարմիր քարտ ստացավ գոլերից մեկի հեղինակը՝ Աիբոլ Աբիկեն:
Եվ անդադար գրոհներից հետո «Ալաշկերտ»-ը կարողացավ գրավել «Կայրաթ»-ի դարպասը: Ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվեց Ալեքսանդր Գրիշիչը: «Ալաշկերտ»-«Կայրաթ»՝ 3:2:
«Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում կմրցի Շոտլանդիայի չեմպիոն «Գլազգո Ռեյնջերսի» հետ, որի գլխավոր մարզիչը Սթիվեն Ջերարդն է: