Շղթայական ավտովթար Արարատի մարզում

Երեկ՝ հունիսի 8-ին, շղթայական ավտովթար է տեղի  ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Հայանիստ գյուղի խաչմերուկում բախվել են Հովտաշատ գյուղի բնակիչ, 33-ամյա Մայիս Խաչատրյանի վարած Opel Astra մակնիշի, Հայանիստ գյուղի բնակիչ, 30-ամյա Դավիթ Կատանյանի վարած  Chevrolet մակսնիշի, Երևանի բնակիչ, 33-ամյա Վառլեն Սայադյանի վարած Lexus մակնիշի և Արշալույս գյուղի բնակիչ, 58-ամյա Անդրանիկ Սարգսյանի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Ա. Սարգսյանն ու նրա ուղևոր, համագյուղացի, 53-ամյա Ռոզա Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի  2-րդ դասակի ծառայողները՝ տեսուչներ Դավիթ Մանուկյանի և Սահակ Ավետիսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է  նույն վաշտի ավագ հետաքննիչ  Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: