Ոչ-ոքի՝ աշխարհի փոխչեմպիոնների հետ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ընկերական խաղում մրցեց աշխարհի առաջնության փոխչեմպիոն Խորվաթիայի ընտրանու հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղը կայացավ Վելիկա Գորիցայի «Քաղաքային» մարզադաշտում:
Հանդիպման մեկնարկում Հայաստանի ընտրանին լավ հնարավորություն ուներ բացելու հանդիպման հաշիվը, սակայն Էդգար Բաբայանի գնդակը շեղ էր: Այնուհետ Խորվաթիան տիրեց նախաձեռնությանը և 23-րդ րոպեին օգտագործելով ստանդարտ դիրքն առաջ անցավ հաշվի մեջ: Անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Իվան Պերիշիչը: Թիմերը հանգստի գնացին խորվաթների նվազագույն առավելությամբ:
Երկրորդ կեսում Խորվաթիայի ազգային ընտրանին հիմնականում տիրում էր նախաձեռնությանը: Հայաստանի ֆուտբոլի ընտրանին կարողացավ օգտագործել իր հնարավորությունը և հաշվի հավասարությունը վերականգնեց Վբեյմար Անգուլոն: Կապառոսի մի քանի փոփոխությունները փոխեցին հավաքականի տեսքը, որը սկսեց ավելի ակտիվ գործել: Ի վերջո հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1:
Հաջորդ ընկերական հանդիպումը Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Շվեդիայի հետ: Աjդ հանդիպումը կկայանա հունիսի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: