«Զվարթնոց» օդանավակայանում 3 հոգով հարձակվել են և ծեծի ենթարկել ռուս ֆուտբոլիստին. armtimes-ը մանրամասներ է հայտնել
Ռուս ֆուտբոլիստ Անտոն Կոբյալկոն հարցազրույց է տվել ռուսական Championat.com կայքին՝ պատմելով նրա և Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի կոնֆլիկտի մասին։ Համաձայն ռուսական մամուլի՝ Կոբյալկոն, հանդես գալով Երևանի «Փյունիկում», վիճել է թիմի գլխավոր մարզչի հետ մայիսի 17-ին տեղի ունեցած «Արարատ-Արմենիայի» հետ խաղի ժամանակ, ինչից հետո ակումբը որոշել է բաժանվել ֆուտբոլիստից։ Կոբյալկոն մայիսի 20-ին ժամանել է ակումբի մարզաբազա, հրաժեշտ տվել թիմակիցներին և պահանջել Մելիքյանից իրենից ներողություն խնդրել՝ մորը վիրավորելու համար, և մերժում ստանալով, ապտակել է նրան և արագորեն հեռացել մարզաբազայից՝ մեկնելով օդանավակայան։ Այդտեղ ֆուբոլիստի հետևից հասել են Մելիքյանն ու ակումբի գլխավոր տնօրենի տեղակալ Կիմ Առաքելյանը և ծեծել են ֆուտբոլիստին։ Այս մասին հայտնում է armtimes-ը։
Հետագայում Մելիքյանը հարցազրույց էր տվել Sport24-ին ու ասել, որ ինքն օնդավակայանում չի եղել, և, ընդհանրապես, այդ ամենը ներկայացվել է շատ ուռճացված՝ կարծես հոլիվուդյան ֆիլմ։ Թեև այն մասին, որ Մելիքյանը եղել է օդանավակայանում, փաստում է նաև այն, որ Shamshyan.com-ի տեղեկություններով, մայիսի 20-ին «Զվարթնոցից» ոստիկանական բաժանմունք են բերման ենթարկվել Ռուսաստանի քաղաքացի Անտոն Կոբյալկոյին և Ուկրաինայի քաղաքացի Եղիշե Մելիքյանին։
Կոբյալկոն նախ պատմել է, թե ինչպես է սկսվել իր և Մելիքյանի կոնֆլիկտը։ Ըստ ֆուտբոլիստի՝ պատճառն այն է, որ մարզիչն իրեն քիչ խաղաժամանակ էր տրամադրում։ Ֆուտբոլիստի նախկին թիմի՝ «Արարատ-Արմենիայի» հետ խաղում Մելիքյանը Կոբյալկոյին թողել է պահեստայինների նստարանին։ «0-0 հաշվի ժամանակ՝ 88-րդ րոպեին նա որոշում է ինձ դաշտ մտցնել։ Ես նման վերաբերմունքի արժանի չէի, ես արդեն տարիքով ֆուտբոլիստ եմ՝ 35 տարեկան։ Բայց 88-րդ րոպեին դաշտ դուրս գալ նախկին թիմի հետ խաղում․․․ Այո, մարզիչն ինքն է, իրավունք ունի։ Չեմ կարծում, որ միտումնավոր էր անում»։ Հետո մոտեցավ Մելքիյանն ու ասաց՝ էլ իմ թիմում չես խաղալու, ես էլ պատասխանեցի՝ փառքս Աստծո, չեմ էլ ուզում ձեզ մոտ խաղամ։
Եզրափակիչ դուլիչը դեռ չէր հնչել, նա սկսեց ինձ հայհոյել․ ասում էր՝ ո՞նց ես ինձ հետ խոսում։ Ես էլ ասացի՝ լավ, կխոսենք։ Այդ պահին նա իմ մորը վիրավորեց։ Ես ասեցի՝ լավ, սպասում եմ քեզ հանդերձարանում։ Երևի մինչև հիմա գալիս է։ Ես նրան 20-30 րոպե սպասեցի, բայց այդպես էլ չեկավ։ Երբ մարդը նման բան է ասում, կարծում եմ, դիմացինը պետք է ինչ-որ ձև պատժի»,- պատմել է ռուս ֆուտբոլիստը։
Ակումբը որոշել է խզել ֆուտբոլիստի հետ պայմանագիրը, լուծել է բոլոր ֆինանսական հարցերը: Մայիսի 20-ին Կոբյալկոն եկել է մարզաբազա․ «Հրաժեշտ տվեցի թիմակիցներիս, մոտեցա Մելիքյանին ասեցի՝ մենք դեռ չլուծված հարցեր ունենք։ Խոսեցինք, ասեցի, որ կարող է ինձ չսիրել որպես ֆուտբոլիստ, բայց իրավունք չունի վիրավորել իմ մորը։ Նա ասեց, որ ես եմ դրդել նրան՝ չուզենալով դուրս գալ խաղադաշտ, ես էլ ասեցի, որ ինքն էլ է ինձ դրդել, ես մեծ մարդ եմ, ինքն էլ գիտի՝ ինչպես եմ մարզվում։ Այդ հարցով նա առարկություն չուներ։ Ասեցի, որ պետք է ներողություն խնդրի, նա հրաժարվեց։ Ես էլ ապտակեցի բավականին ուժեղ, նա դրանից հետո նստեց հատակին։ Մարդն իր մեղքը չի խոստովանում, վիրավորել է իմ մորը բոլորի աչքի առաջ, բայց համարձակություն էլ չունի ներողություն խնդրելու։ Էլ ինչպե"ս վարվեի»։
Դրանից հետո Կոբյալկոյի վրա հարձակվել է մարզչի օգնականը, հետո նաև՝ Մելիքյանը, ակումբի աշխատակացիներ, փորձել են հասնել նրա հետևից, բայց Կոբյալկոն արագ նստել է տաքսի ու մեկնել օդանավակայան։ Այնտեղ նա անցել է ստուգում, և պայուսակները վերցնելուց հետո նրա վրա հարձակվել է Մելիքյանը՝ հարվածելով ականջին։ Ֆուտբոլիստն ու մարզիչը սկսել են պարզել հարաբերությունները, այդ պահին Կոբյալկոն հետևից հարված է ստացել գլխին, ժամանել են ոստիկանները և տարել նրանց բաժանմունք։
Ֆուտբոլիստի խոսքով՝ նա տեսել է միայն Մելիքյանին ու մարզչին, իսկ թե ով է հարվածել նրան հետևից՝ չգիտի։ Սակայն Կոբյալկոն հրաժարվել է ցուցմունք տալուց․ «Այնտեղ, որտեղ ես մեծացել եմ՝ Բարնաուլում, նման բաներ ընդունված չեն։ Ուզում էի տղամարդավարի հարցերը լուծել, երևի դա վիրավորեց Մելիքյանին, նա էլ որոշեց վրեժ լուծել։ Թող այդպես լինի։ Ես իմ հարցն այլ կերպ եմ լուծել, իսկ ցուցմունք տալն ինձ համար անընդունելի էր։ Ոչ մի առարկություն չունեմ»,- ասել է Կոբյալկոն։
Ինչ վերաբերում է ՀՖՖ գործկոմի անդամ Կիմ Առաքելյանի՝ օդանավակայանում գտնվելուն, ապա Կոբյալկոն նրան տեսել է միայն բաժանմունք գնալիս։ «Ասում են՝ նա էլ է հարվածել, բայց ես նրան այդ պահին չեմ տեսել, միայն Մելիքյանին եմ տեսել և նրա օգնականին։ Հարձակվողները, ըստ տեսախցիկների, երեքն են եղել։ Թե ով էր մեջքից հարվածողը, տնօրենի տեղակալը, թե վարորդը՝ չգիտեմ»։
Մելիքյանի այն խոսքերը, որ նա օդանավակայանում չի եղել, Կոբյալկոն որակել է որպես մաքուր սուտ․ «Նա իսկական սուտասան է։ Երբ կարդացի, միանգամից մտածեցի, որ նա տղամարդ չէ։ Տղամարդը նման բան չէր անի։ Երևի ուզում է իր մարզչական կարիերան փրկել։ Կարելի է նայել տեսախցիկների արձանագրությունները, այնտեղ ամեն ինչ երևում է։ Մի՞թե նա չի հասկանում»։
35-ամյա հարձակվողը նշում է, որ «Փյունիկի» հետ որևէ խնդիր չունի, ակումբը բոլոր իր պարտականությունները կատարել է։ Նա նաև մեծ հաճույքով նորից կխաղա Հայաստանում, եթե հրավիրեն․ «Ես տարի Հայաստանում եմ խաղացել, հիանալի հարաբերություններ են մնացել մյուս մարզիչների հետ։ Ոչ մի խնդիր, վիրավորանք, կռիվ չի եղել։ Ես հարգում եմ մեծերին։ Շատերն են ինձ աջակցող խոսքեր ասել, բայց ինձ դուր չի գալիս, թե այդ ամենը ինչպես է մատուցվում՝ իբր ինձ վրա երեք հայեր են հարձակվել։ Հասկացեք, վատ ազգեր գոյություն չունեն, պարզապես կան վատ մարդիկ։ Մելիքյանի հետ ես կոնֆլիկտ եմ ունեցել, բայց ազգը մեղավոր չի։ Ես սիրում եմ Հայաստանը։ Երեք տարի ապրել եմ այդտեղ, ոչ մի խնդիր չի եղել։ Ես արդեն 35 տարեկան եմ, բայց դեռ ցանկություն կա ֆուտբոլ խաղալ։ Եթե Հայաստանից առաջարկ լինի, մեծ հաճույքով կընդունեմ այն։ Ես չեմ վախենում ու չեմ թաքնվում։ Ուզում եմ, և, ամենակարևորը, կարող եմ խաղալ»,- եզրափակել է Կոբյալկոն։