Մխիթարյանն անձնական ռեկորդ է սահմանել
Հայաստանի հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մայիսի 15-ին կայացած «Լացիոյի» դեմ հռոմեական դերբիում (2-0) դարձավ իր թիմի առաջին գոլի հեղինակը։
Դա Մխիթարյանի 12-րդ գոլն էր Իտալիայի ընթացիկ առաջնությունում։ Այդ ցուցանիշը հայ ֆուտբոլիստի համար լավագույնն է թոփ-5 առաջնություններում։ 2015/16 մրցաշրջանում Մխիթարյանը 11 գոլի հեղինակ էր դարձել Գերմանիայի առաջնությունում՝ հանդես գալով Դորտմունդի «Բորուսսիայի» կազմում։ Գերմանիայի, Անգլիայի և Իտալիայի առաջնությունների իր մյուս մրցաշրջաններում Հենրիխը 10 գոլի սահմանը չէր հատել։ Իսկ իր կարիերայի ամենաարդյունավետ մրցաշրջանը Մխիթարյանն անցկացրել է Ուկրաինայի առաջնությունում՝ Դոնեցկի «Շախտյորի» կազմում 2012/13 մրցաշրջանում դառնալով 25 գոլի հեղինակ։
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը նաև 10 գոլային փոխանցման հեղինակ է դարձել, ինչը լիգայի լավագույն ցուցանիշներից մեկն է։ Ընդ որում, Մխիթարյանը վնասվածքի պատճառով մոտավորապես երկու ամիս բացակայում էր «Ռոմայի» կազմում։