Նոր մանրամասներ՝ «Դագաղների» փողոցի կրակոցից․ բժիշկները վիրավորի պարանոցից հանել են գնդակը

Մայիսի 13-ին Նար-Դոսի փողոցում տեղի ունեցած կրակոցի փաստով ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերքը կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, կենսաբանական և դատաձգաբանական, գրում է shamshyan.com-ը։ 

Կրակոցի հետևանքով «պարանոցի ծակած վերք՝ հարցականով» ախտորոշմամբ թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել Երևան քաղաքի Քաջազնունու փողոցի բնակիչը՝ 24-ամյա Վաղինակ Բազեյանը։ 

Հիվանդանոցի բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը, սակայն նա դեռևս մնալու է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների հսկողության տակ։ 

Ըստ աղբյուրի՝ սպանության կասկածանքով որոնվում է Երևան քաղաքի բնակիչ, 34-ամյա Նարեկ Սամսոնյանը, նա այդ օրը՝ ժամը 18։10-ի սահմանում, Նար-Դոսի փողոցի 39/ա հասցեի դիմացի փողոցի հատվածում իր «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենայով է եղել, երբ, ըստ նախնական տեղեկության, իջել է իր «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայից, ձեռքով մի քանի անգամ հարվածել, կոտրել է Ն. Սամսոնյանի ավտոմեքենայի հետևի ապակին, որից հետո վերջինս իր ավտոմեքենայի միջից դեռևս չպարզված տիպի ատրճանակից կրակել է Վ. Բազեյանի ուղղությամբ, ով էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ 

Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում վիրահատական միջամտության շնորհիվ վիրավորի պարանոցից հեռացվել է գնդակը։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ն. Սամսոնյանին և հանացործության գործիք հանդիսացած ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։ 

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ մայիսի 13-ին կրակոց էր հնչել Երևանում: Ժամը 18:40-ի սահմանրում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ Նար-Դոսի՝ ժողովրդին հայտնի «դագաղների» փողոցում կրակոց է հնչել: 1 հոգու հրազենային վնասվածքով տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել էին արնանման հետքեր և 1 կրակված պարկուճ: 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ հրաժարվել էին տեսախցիկի առջև խոսել, բայց ասել էին. «Մենակ կրակոցի ձայն լսեցինք, լավ ա միլիցեքը շուտ եկան ու ինչ-որ մի հատ ավտո տարան: Հաստատ կբռնեն էդ կրակողին, իսկ վիրավորն էլ էս թաղում հայտնի Բաքսյոր Վաղոնա, ով  ձեռի հետ մոյկի գործ ա անում, քանի որ ունի սեփական ավտոլվացման կետ»:

Քաղաքականություն

Պատահարներ