Գյումրիում հայտնի խանութից 3 հոգի դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց

Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 24-ին Շիրակի մարզում տեղի ունեցած դանակահարությունների փաստով: Այդ օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում Ախուրյան շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ  բժիշկների հերթապահ խումբը մարմնի  տարբեր հատվածներում ստացած սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներով «Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխել 3 քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են՝ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Գյումրի քաղաքի բնակիչ, 23-ամյա Տիգրան Ավալյանը, Ախուրյան գյուղի բնակիչներ, 22-ամյա Մհեր Իգիթյանն ու 23-ամյա Գևորգ Դարբինյանը, գրում է shamshyan.com-ը: 

 

Ոստիկանները ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նշված անձանց և ոմն քաղաքացու միջև Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 104 հասցեի դիմաց տեղի  է ունեցել վիճաբանություն, ինչի հետևանքով վերջիններս սուր կտրող-ծակող գործիքի հարվածներից վնասվածքներ են ստացել: Կարճ ժամանակում Շիրակի մարզի ոստիկանները պարզել են նաև կասկածյալի ինքնությունը, ով Գյումրի քաղաքի բնակիչ, 30-ամյա Ռաֆայել Մ.ն- է, ով բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ  ապրիլի 25-ին ներկայացել է ոստիկանության Կումայրիի բաժին և հայտնել, որ  վիճաբանությունը տեղի է ունեցել ապրիլի 24-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում՝ իր ընտանիքին պատկանող խանութում: Փաստի առթիվ Կումայրիի ոստիկանության հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են նաև միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: