Արցախցիները շատ ժամանակ հարց են տալիս՝ հիմա Հայաստանը ձեռքերը լվացե՞լ է մեզանից. Թևան Պողոսյան

Մենք պետք է ցույց տանք աշխարհին, որ Ալիևի մատ թափ տալը կամ բռունցքով սեղանին խփելը մեզ համար ոչ մի նշանակություն չի ունենալու։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Հայաստանում և Արցախում անվտանգության խնդիրներին, ներքաղաքական վերջին զարգացումներին։

«Իմ պատկերացմամբ բանակցային գործընթացում եղած սկզբունքները մնում են ուժի մեջ և այնպես չէ, որ Արցախի տարածքային ամբողջականության հարցն արդեն դուրս է եկել։ Արցախը երբևէ չի եղել անկախ Ադրբեջանի տարածքի մաս և, բնականաբար, պետք է իր տարածքային ամբողջականության հարցերը քննարկվի՝ չմոռանալով Հադրութը, Շուշին,  Մատաղիսը, Թալիշը, Շահումյանը, ինչպես նաև Բերձորը, Քարվաճառը և այլն»–ասաց նա՝ հիշեցնելով, որ համաձայն Արցախում այսօր գործող սահմանադրության՝ այդ բոլոր տարածքները Արցախի Հանրապետության տարածքներ են»–ընդգծեց նա։

Պողոսյանը նշեց, որ, այնուամենայնիվ, բացակայում է մեծագույն հարցը՝ Հայաստանն ի՞նչ է մտածում Արցախի մասին ։

«Արցախն ասում է՝ միացում, Հայաստանը մի տեսակ ասում է՝ մենք ձեզ հետ ենք։ Բայց ի՞նչ գործողություններ, չի ասվում։ Միգուցե չեն հասկանում, թե ինչ ուղղություններ պետք է որդեգրվի։ Այստեղ ձևավորվում է մի պատկերացում, որ արցախցիները շատ ժամանակ տեսնելով մարդկանց, հարց են տալիս՝ հիմա Հայաստանը ձեռքերը լվացե՞լ է մեզանից, մենք մեզնո՞վ ենք։ Եվ այս զգացումը ունենալով նրանք կարծում են, որ միգուցե խաղաղապահ ուժերի և Ռուսաստանի հետ կապեն իրենց հույսը։ Չզարմանաք, եթե ապագայում շատ նախաձեռնություններ տեսնեք՝ ինչպես ռուսաց լեզվի, այնպես էլ Ռուսաստանի հետ մերձեցման, քանի որ մարդիկ պետք է ապահովեն այդ անվտանգության զգացումի խնդիրը»–շեշտեց Պողոսյանը։

Նա նշեց նաև, որ իր համար ուրախալի լուր էր արցախցի պատգամավորների պատրաստած նախագիծը՝ Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների վերաբերյալ։

«Հուսամ՝ դա ապագայում հիմք կծառայի ինչպես օկուպացիայի մասին օրենք նախապատրաստելու, այնպես էլ նոր հայտ ներկայացնելու բանակցային գործընթացում, նաև տեխնիկական հարցեր լուծելու։ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը պետք է օր առաջ սկսի միջնորդական առաքելությունը և ձևավորի այդ բանակցային գործընթացը»–ասաց նա։

Թևան Պողոսյանն ընդգծեց՝ մեծ ցավ է ապրում, որ մարդիկ ուրախանում են մեր տղաների՝ Արցախ չգնալու հետ կապված. «Արցախում երևի այսօր ավելի հանգիստ և անվտանգ է, քան Հայաստանի և Սյունիքի սահմաններին»–ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 23-ին Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հրավիրել է նիստ՝ օրակարգում ունենալով «Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին» ԱՀ  Ազգային ժողովի հայտարարության տեքստի նախագծի մասին հարցը: Նախագիծը քննարկվելու է առաջիկա լիագումար նիստում:

Քաղաքականություն

Պատահարներ