Ասում ենք` ֆուտբոլիստ չունենք, բա որտեղի՞ց լինի, որ մերոնք շանս չունեն խաղալու, տեղ չունեն իրենց երկրում. Գևորգ Կասպարով
Հայկական ֆուտբոլի պատրիոտներ, մի կործանեք մեր ֆուտբոլը,քանի ուշ չէ: Այսպիսի գրառում էր այսօր կատարել «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գևորգ Կասպարովը ֆեյսբուքյան իր էջում:
ArmSport-ի հարցմանն ի պատասխան, փորձառու դարպասապահն ընդգծել է, որ իր գրառումը վերաբերում է մեր թիմերի քաղաքականության հետ.
«Նորություն չեմ ասի, գրատումը կապված է մեր թիմերի քաղաքականության հետ: Այսքան օտար ֆուտբոլիստներ են բերում ու մեր հայ տղերքը կոպիտ ասած հայտնվում են երկրորդ, երրորդ պլանում:
«Գանձասար-Կապանում» հակառակն է: Փառք Աստծո մեր ակումբը շեշտը դնում է հայ խաղացողների վրա: Մեկ բան կարող եմ ասել` եթե շարունակեն աչք փակել, մի քանի տարի հետո ավելի վատ է լինելու: Դարպասապահների պահով ընդհանրապես կատաստրոֆիկ վիճակ է: Թող մեր հայկական ֆուտբոլի չակերտավոր սրտացավ զանգվածը նայի` քանի հայ դարպասապահ է խաղում»,- ասում է Գևորգ Կասպարովն ու ընդգծում`նախևառաջ պետք է հասկանալ, թե ինչ ենք ցանկանում մեր ֆուտբոլից:
Գևորգ Կասպարովն ասում է` մեր ֆուտբոլում լեգիոների լիմիտի հարցը լուրջ քննարկումների կարիք ունի.
«Աշխարհում տարբեր լիմիտներ կան ,նամանավանդ մեր փոքր լիգայի համար պետք է լուրջ քննարկեն: Մենք պետք է մտածենք մատակարարող ֆուտբոլային երկիր դառնալու մասին: Ինչ վերբերում է այս պահին գործող լիմիտին, ուղղակի չես հասկանում`դա լիմիտ է հայերի՞ս համար, թե՞ արտասահմանցիների:
Ասում ենք` այդքան ֆուտբոլիստ չունենք, բա որտեղի՞ց լինի, որ մերոնք շանս չունեն խաղալու, տեղ չունեն իրենց երկրում ֆուտբոլ խաղալու համար: Նայեք մեր Առաջին լիգային, սա աղետ է»:
Գևորգ Կասպարովի խոսքով, խնդիր է նաև առաջնության աշուն-գարուն ձևաչափը.
«Սրանք խնդիրներ են, որոնց շուրջ մեր ֆուտբոլային չինովնիկները պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն, քանի դեռ ուշ չէ: Հետո կարող է շատ ուշ լինել: Որոշ մարդկանց գուցե դուր չգա ասածներս, բայց դա փաստ է: Մենք վտանգում ենք մեր վաղվա ֆուտբոլը»:
Խոսելով ՀՖՖ ներկայիս ղեկավարության հետ կապված հույսերի մասին`Գևորգ Կասպարովը մասնավորապես ասում է. «Կապրենք կտեսնենք առաջիկայում»:
Աղբյուր ArmSport.am