Մխիթարյանը տարվա լավագույն ֆուտբոլիստ. ՀՖՖ-ն ամփոփել է արդյունքները
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի 2019 թ. լավագույն ֆուտբոլիստ։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ՀՖՖ–ն ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2019 թ. քվեարկության արդյունքները:
«Հավաքելով 109 միավոր` Հայաստանի 2019 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը»,–ասված է հայտարարության մեջ։ Նշենք, որ Մխիթարյանը այս կոչմանն է արժանանում 9-րդ անգամ:
104 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը:
61 միավորով երրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանա» ակումբի հարձակվող Տիգրան Բարսեղյանը:
Նշենք, որ ՀՖՖ–ն այսօր հրապարակել է նաև տարվա լավագույն մարզչի անունը։ Քվեարկության արդյունքում 84 միավորով այդ կոչմանն է արժանացել «Արարատ-Արմենիայի»գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։