ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հենրիկը` տեսնելով իր մոր նկատմամբ վերաբերմունքը, կորոշի` ինչ անել հետագայում. Թաշչյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նախկին անդամ, «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մայր Մարինա Թաշչյանը Auroranews-ի ուղիղ եթերում  մեկնաբանեց  ՀՖՖ նախագահի ընտրությունը և այդ պաշտոնում ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի ընտրվելը։ 


Հիշեցնենք, որ երեկ  կայացած ՀՖՖ նախագահի ընտրություններից հետո Մարինա Թաշչյանը լրագրողների հետ զրույցում ընտրությունները խայտառակ շոու էր անվանել: 
«Սա խայտառակ շոու էր, և ոչ թե ընտրություններ: Նախապես ամեն ինչ պայմանավորված էր, արված էր, անելիք արդեն չկար այստեղ: Ընտրությունների ժամանակ արդեն հասկացա, թե ինչ է կատարվում։ Այսպիսի խայտառակ բան ես ֆուտբոլում չէի տեսել։ Իրենք հանդիպել էին բոլոր ակումբների հետ և չգիտեմ՝ ինչ պայմաններ էին առաջարկել ակումբներին։ Ես առաջադրվել էի «Նորացված Փյունիկի» կողմից, և նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի կասեցվի այդ ՀԿ-ի գործունեությունը: Երևի, ես նրանց խանգարում էի: Ֆուտբոլն այս վիճակում չի զարգանա։ Արմեն Մելիքբեկյանը շատ գեղեցիկ խոսում է, տեսնենք՝ ինչ գործ կանի։ Եթե կգտնեն, որ Հենրիխին չպետք է հրավիրեն, թող չհրավիրեն։ Այդպիսի խոսակցություններ եղել են»,-ասել էր Թաշչյանը։ 

 

Մեզ հետ զրույցում անդրադառնալով հարցին` մտավախություն չունի՞, որ այս ամենը ուղիղ կերպով կանդրադառնա Հենրիխ Մխիթարյանի հետագա համագործակցությանը  ՀՖՖ-ի հետ և ինչպես է մեկնաբանել ֆուտբոլիստը տեղի ունեցած ընտրությունները Թաշչյանն ասաց. 

 

«Հենրիկին չեմ ուզում խառնել այս ամենին, նա խաղում է դրսում: Նա մեծ ներդրում ունի Հայաստանի ֆուտբոլի համար, Հենրիկը չի խաղում ղեկավարության համար, խաղում է ազգի համար: Նա  տեսնելով իր մոր նկատմամբ վերաբերմունքը, կորոշի ` ինչ է անելու հետագայում» ,- ասաց Թաշչյանը: