Քրդերը կպայքարեն այնքան, ինչքան կարող են դիմադրել. ՀՀ քրդական համայնքի ղեկավար
Քուրդ ժողովրդին ցեղասպանելու ծրագրեր Էրդողանը նոր չէ, որ ունի. Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Կնյազ Հասանովը` անդրադառնալով Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում սկսած ռազմական գործողություններին:
«Նա միայն իր երկրում՝ Թուրքիայում, 20 մլն քուրդ ժողովրդի 20-30 տարիների ընթացքում ենթարկել է բռնությունների ու ցեղասպանության: Նույն Թուրքիայում շուրջ 8000 քրդական գյուղ է ավերվել թուրքական իշխանությունների կողմից, հարյուրավոր գյուղեր վերացվել են նաև Թուրքիայի ձեռքով Սիրիայում»,-ասաց Հասանովը:
Ըստ քուրդ պատգամավորի՝ Սիրիայում իսլամիստները մտան հենց Թուրքիայի հովանավորությամբ և 10 տարի առաջ հարձակվեցին քրդական Քոբան քաղաքի վրա: «Այն ժամանակ Թուրքիայի կողմից պլանավորած էր, որ Քոբանից քրդերին հանեին, և այդ նպատակը ցանկանում էր իրականացնել իսլամիստների ձեռքով: Իսլամիստները Քոբանում 450 կանանց և երեխաներին մորթեցին և հրապարակավ տեսանյութեր տարածեցին, որպեսզի տեղի քրդերը վախենան և իրենց բնակավայրերից փախչեն, սակայն քրդերը հակառակն արեցին, ստեղծեցին ինքնակառավարման մարմիններ, ինքնապաշտպանական ջոկատներ կազմավորվեցին տղաներից, նաև աղջիկներից և շուրջ 10 տարի է՝ պատերազմի մեջ են իսլամիստներ հետ և գնալով հետզհետե սկսեցին իսլամիստներին հաղթել»,-ասաց Հայաստանի քրդական համայնքի ղեկավարը:
Ըստ նրա՝ քուրդ ժողովրդին այնուհետև Միացյալ Նահանգները սկսեց օգնել, զենք ու ռազմական տեխնիկա տրամադրեց՝ հաշվի առնելով, որ լավ են կռվում իսլամիստների դեմ և արդյունքում մի շարք այլ քաղաքներ քրդերի միջոցով ազատագրեցին իսլամիստներից:
«Թուրքիային, իհարկե, դուր չէր գալիս քրդերի առաջխաղացումը, Էրդողանը սուտ հերյուրանքներով հոխորտում էր, թե նրանք ահաբեկիչներ են, մեր անվտանգությանը սպառնում են և արդյունքում, փաստորեն, նրանց հաջողվեց ԱՄՆ-ին, նաև ՌԴ-ին համոզել, որ ինքը ահաբեկիչների դեմ է պայքարում, ոչ թե քրդերին ոչնչացնելու խնդիրն է լուծում: Այստեղ խնդիրն այն էր, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի հակամարտությունն իր դերն ունեցավ, ինչից օգտվեց Թուրքիան: ԱՄՆ-ն կարծես հանդես էր գալիս քրդերի խնդիրը լուծելու առաջարկով, որ ձեր հողերը հետ կտանք, սակայն վերջին ժամանակ Էրդողանը նորից սկսեց ԱՄՆ-ի հետ խաղեր տալ, իբրև նա ՆԱՏՕ-ի անդամ է, և S 400 գնեց ՌԴ-ից, հետո իբրև ԱՄՆ-ից F 35 պետք է գնի, արդյունքում թե´ ԱՄՆ-ն և թե´ ՌԴ-ն քրդերին թողեցին մեն-մենակ, Թուրքիայի բանակի առջև»,-ասաց նա:
Կնյազ Հասանովը նշեց, թե քրդերին ոչնչացնելով՝ իսլամիստների համար են ճանապարհ հարթում:
«Քրդերը մնացել են մեն-մենակ, և սա միակ նախադեպը չէ: Աֆրինի վրա երբ նախանցյալ տարի կրկին թուրքերը հարձակվեցին, նույն իրավիճակն էր, ԱՄՆ-ն քաշվեց մի կողմ, ռուսները ձեռքները լվացին, և Թուրքիան հարձակվեց: 3 ամիս մեր ժողովուրդը դիմադրեց, չէր թողնում մտնեին քաղաք, բայց օդուժի ռմբակոծություններից և խաղաղ բնակչության կոտորածից հետո վերջապես գրավեցին Աֆրին քաղաքը, ժողովրդին քաղաքից դուրս հանեցին լցրին ճամբարներ, որտեղ նրանք մինչ օրս մահու կռիվ են տալիս: Հետո Սարիկա քաղաքի վրա հարձակվեցին, 30 կմ խորությամբ, 120 կմ երկարությամբ գրավեցին քրդական տարածքները, իբրև ասելով՝ Սիրիայի փախստականներին ենք այդտեղ տեղակայում, բայց իրենց ազդեցության տակ գտնվող իսլամիստական ճամբար են ստեղծում: Ես համոզված եմ, որ իսլամիստները եթե մտնեն այդ տարածքներում ապրեն, դա աշխարհի համար չարիք կլինի, չարիք կլինի և ՌԴ-ի, և ԱՄՆ-ի համար, առավել ևս Մերձավոր Արևելիքի»,-ասաց նա:
Այս պարագայում, Հայաստանի քրդերի միության նախագահը միջազգային հանրությանը և գերտերություններին կոչ հղելու և աջակցություն փնտրելու իմաստ չի տեսնում. «Այսօր գերտերությունները խուլ ու համր են դարձել, ԱՄՆ-ն իր զորքերը սահմանից հետ է քաշել, քրդերին թողել են մեն-մենակ: Թրամփը հայտարարեց՝ մենք ժամանակին քրդերին զենք ենք տվել, փող ենք տվել, թող Մերձավոր Արևելքում իրենց համար կռիվ անեն: Այդպիսի գերտերություններին կոչով դիմելը, կարծում եմ, սխալ է, իսկ միջազգայի հանրությունից որոշ չափով իրենց ձայնը բարձրացնում է Եվրոպան և ՄԱԿ-ը, բայց դա էլ կարծես թե քաղաքական հայտարարությունների շրջանակում է, ոչ մի գործնական հայտարարություն չկա, և ուրեմն քրդերը կպայքարեն այնքան ժամանակ, ինչքան կարող են դիմադրել, նրանից հետո Աստված օգնական քուրդ ժողովրդին»,-ասաց նա: