Շենգավիթի նախկին թաղապետը աշխատավայրում լոգասենյակ է ունեցել, գունավոր լույսեր ու երգող ջահեր
Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի նախկին թաղապետ Արմեն Սարգսյանը երեկվանից լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է:
Ըստ Ոստիկանության տվյալների, նա Ապրիլյան պատերազմի մասնակիցներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով տարբեր բարերարներից գումար է հավաքել, ապա ձեռք է բերել «Նիվա» ավտոմեքենաներ: Դրանք տնօրինել է իր հայեցողությամբ: Մեքենաներից մեկն էլ հայտնաբերվել է Արմեն Սարգսյանի առանձնատան ավտոտնակում:
Այս մասին հայտնում է armtimes.com-ը։
Այս ամենի առիթով շատերը նաեւ հիշատակեցին նախկին թաղապետի շքեղ առանձատունը: Ընդգծեցին, որ ժամանակին ունեցել է շքեղ աշխատասենյակ՝ թանկարժեք կահույքով, հանգստի սենյակ ու լոգասենյակ:
Աշխատակազմի քարտուղար Կարապետ Շահինյանը կեղծ է համարում իրենց թաղապետարանի մասին լուրերը, թե այնտեղ շատ ճոխ պայմաններում են աշխատում: Պայմաններն, ըստ նրա, լավն են, փորձել են աշխատողների համար հարմարավետ դարձնել, սակայն դրանք շքեղ չես անվանի:
«Աթոռները հին են, համակարգիչները՝ սովորական, հեռախոսները՝ նույնպես»,- նշել է Շահինյանը՝ ավելացնելով, որ դրական կողմերից է այն, որ գեղեցիկ դահլիճ ունեն եւ վերելակ, թաղապետարաններից շատերում դրանք չկան:
Շահինյանի խոսքով՝ ինքը նման ճոխություններ չի տեսել, չի լսել, վերանորոգումն էլ մի քանի տարի առաջ են արել՝ նախկին թաղապետ Արմեն Սարգսյանի ժամանակ: Իր աշխատասենյակում առաջվա ղեկավարներից մնացած աթոռն է, այն նույն սենյակի մյուս աթոռներից տարբերվում է իր չափերով ու հարմարավետությամբ:
Իսկ արդեն Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իր աշխատասենյակում նախկինի համեմատ շատ բաներ փոխվել են: Շքեղություն ապահովող գույքի մի մասը տեղափոխվել է դեռ իր նշանակվելուց առաջ: Աթոռները նախկինում ավելի ճոխ էին: Հիմա դրանք փոխարինվել են ավելի հասարակով, միայն մեկ աթոռ է մնացել՝ վարչական շրջանի ղեկավարինը: Պատերն էլ ժամանակին թանկարժեք նկարներ են զարդարել, որոնք եւս այժմ կախված չեն. միայն որպես հուշ՝ մեխերն են մնացել:
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատասենյակում նախկին թաղապետից մնացած մյուս ճոխությունը ջահերն են, որոնց հատուկ են գունավոր լույսերը եւ երաժշտություն ապահովելու հնարավորությունը: Սակայն դրանք նույնպես կորցրել են առաջվա շքեղությունը: Վարչական շրջանի գործող ղեկավարությունը հրաժարվել է «ջահերին երգացնելու» պրակտիկայից: «Ժամանակին գունավոր լույսերը միացնելու դեպքում՝ երաժշտություն էր հնչում, բայց այժմ այդ ֆունկցիան անջատել ենք, ինչների՞ս է պետք: Եթե ուրիշ կարեւոր գործառույթ չունի, երաժշտությունը պետք չէ»,- նշել է Ռազմիկ Մկրտչյանը:
Նրա աշխատասենյակի պահարաններից մեկը նաեւ դուռ է, որը բացվում է դեպի հանգստի սենյակ: Թաղապետի համար նախատեսված այս փոքրիկ անկյունում բազմոց եւ հեռուստացույց կա: Ռազմիկ Մկրտչյանը նշեց, որ բազմոցը նոր՝ իր ժամանակ են բերել, նախորդն ավելի շքեղ է եղել:
Փոքր լոգասենյակում լվացարան եւ լոգախցիկ կա: Երիտասարդ ղեկավարը թույլ չտվեց լուսանկարել այդ հատվածն ու նաեւ հանգստի սենյակը: Իր խոսքով՝ անձնական տարածք են, կարիք չկա հանրայնացնելու:
Նախկին թաղապետից մնացած աշխատասենյակն ու կահավորանքը, ճիշտ է, հասարակ չեն, շատ բաներ վարչական շրջանի ներկայիս ղեկավարին էլ դուր չեն գալիս, բայց իր խոսքով՝ ի՞նչ կարող է անել: «Ճիշտ չի լինի հիմա էլ աշխատասենյակը քանդելու, ավելի հասարակ դարձնելու համար գումար ծախսել»,- նշել է Ռազմիկ Մկրտչյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Փաշինյանն ու Ալիևն ավելի քան երկու ժամ զրուցել են
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աշխաբադում տեղի ունեցած միջադեպից հետո ավելի քան երկու ժամ...
ՊՆ լեյտենանտը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Դավիթ Տոնոյանի և Արտակ Դավթյանի
Պաշտպանության նախարարության լեյտենանտ, դեղագետ Վահե Մելիքսեթյանը Վարչական դատարան հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ պաշ...
«Սպաների համար նոր բնակարաններ Գորիսում». Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է զետեղել՝ կից գրելով․ «Սպաների համար նոր բնակ...
Մենք չունենք թշնամի գործարարներ, ՀՀ-ում չկա բաժանում ընդդիմադիր և իշխանամետ գործարարների. վարչապետ
Այս տարի մենք, ըստ ամենայնի, կունենաnք պլյուս մինուս յոթ տոկոսանոց տնտեսական աճ, ինչը շատ կարևոր և բարձր ցուցանիշ է ԵԱՏՄ...