ԱՄՆ-ում դատարանը վճռել է Meta-ից բռնագանձել 567 միլիոն դոլար՝ երեխաներին վնաս պատճառելու գործով
Նյու Մեքսիկո նահանգի դատավորը Meta ընկերությանը պարտավորեցրել է ավելի քան 567 մլն դոլար հատկացնել հատուկ հիմնադրամի՝ երեխաներին սոցիալական հարթակներում պատճառված վնասի հետևանքները մեղմելու համար։ Ընկերությունը հայտարարել է, որ համաձայն չէ որոշման հետ և պատրաստվում է այն բողոքարկել։
Նյու Մեքսիկոյի գլխավոր դատախազ Ռաուլ Տորեսը Meta-ի՝ Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի մայր ընկերության դեմ հայց էր ներկայացրել դեռ 2023 թվականին՝ պնդելով, որ տեխնոլոգիական հսկան պատշաճ կերպով չի պաշտպանել երեխաներին առցանց սպառնալիքներից։
Դատավարության ընթացքում մեղադրող կողմը հայտարարել է, որ Meta-ի ալգորիթմները մեծահասակ օգտատերերին ուղղորդել են դեպի դեռահասների հրապարակած բովանդակություն, իսկ ընկերությունը թաքցրել է երիտասարդների համար հնարավոր ռիսկերի վերաբերյալ ներքին տվյալները։
Դեռ մարտին երդվյալ ատենակալները եզրակացրել էին, որ Meta-ն խախտել է Նյու Մեքսիկոյի՝ անբարեխիղճ բիզնես գործելակերպի դեմ օրենքը՝ սպառողներին մոլորեցնելով երեխաների համար իր հարթակների անվտանգության վերաբերյալ։ Այդ ժամանակ ընկերությանը պարտավորեցրել էին նահանգին 375 մլն դոլարի փոխհատուցում վճարել։
Այժմ դատարանի որոշմամբ նախատեսվում է ստեղծել 567 մլն դոլարի հիմնադրամ։ Գումարի շուրջ երեք քառորդը պետք է ուղղվի հոգեկան առողջության խնդիրների բուժմանն ու համապատասխան ծառայություններին։ Այդ միջոցները նախատեսվում է բաշխել հինգ տարվա ընթացքում։
Մնացած գումարը կուղղվի իրազեկման և կանխարգելման ծրագրերին, մշտադիտարկմանն ու գնահատմանը, ինչպես նաև տարբեր ծառայությունների միջև համագործակցության և ծրագրերի արդյունավետության գնահատման միջոցառումներին։
Meta-ն պարտավոր կլինի նաև տարին երկու անգամ դատարանին հաշվետվություն ներկայացնել սահմանված միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ։
«Այսօրվա որոշումը հաղթանակ է յուրաքանչյուր ծնողի համար, որը մտահոգված է իր երեխայի վրա սոցիալական ցանցերի ազդեցությամբ, և յուրաքանչյուր երեխայի համար, որն արժանի է ավելի անվտանգ առցանց միջավայրում մեծանալուն», — հայտարարել է Նյու Մեքսիկոյի գլխավոր դատախազ Ռաուլ Տորեսը։
Meta-ն, իր հերթին, հայտարարել է, որ չի համաձայնում դատարանի որոշման հետ և պատրաստվում է այն բողոքարկել։ Ընկերության խոսքով՝ այն շարունակաբար աշխատում է օգտատերերի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ և բացահայտ խոսում է վնասակար բովանդակությունն ու չարամիտ օգտատերերին հայտնաբերելու և հեռացնելու դժվարությունների մասին։
Նմանատիպ հոդվածներ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 31-ից երթևեկության կազմակերպման փ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պահանջում ենք, որ բոլորիս տղաները ծառայեն 1,5 տարի. բողոքի ակցիա կառավարության մոտ
Էրեբունիում հայտնաբերվել է շուրջ 2600-ամյա որմնանկարի դրվագ
Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբն Էրեբունիի հնավայրում հայտնաբերել է որմնանկարի դրվագ, հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի դ...
Կփոխվի վարորդական գործնական քննության մեկնարկային կետը Շիրակում. ՆԳ նախարար
Հուլիսի 22-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է ՆԳՆ Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին։ Այս մասին հայտնում է նախար...