Դատախազությունը մերժել է Սանասարյանի պաշտպանի՝ գործից մաս անջատելու հետ կապված բողոքը
ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող Դավիթ Սանասարյանի պաշտպանի բողոքը, որն առնչվում էր Սանասարյանի և ՊՎԾ նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործից մաս անջատելու որոշմանը։
Այս մասին NEWS.am–ին հայտնել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Վերջինիս խոսքով՝ պաշտպանի բողոքը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ։
Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը տեղեկացրել է, որ իրենք իրավական առումով անորոշ որոշում էին ստացել ԱԱԾ–ից՝ գործից մաս անջատելու հետ կապված և դիմել վերահսկող դատախազին, պարզելու, թե ինչի՞ համար է արդեն իսկ դատարան ուղարկված գործից մաս առանձնացվել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2–ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ հարուցված քրեական գործից նույնիսկ առանձին մաս է անջատվել, որից իրենք տեղյակ չեն։ Սանասարյանի պնդմամբ՝ իր նկատմամբ կրկնակի հետապնդում է իրականացվում։
Ավելի վաղ՝ ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով. այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը: Քննիչի կողմից որոշում էր կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։
Համաձայն դատարան ուղարկված մեղադրական եզրակացության՝ Դավիթ Սանասարյանը, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: