Սիրիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

Սիրիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել. «Սիրիայի հյուսիսային շրջաններում Թուրքիայի կողմից իրականցվող ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Դամասկոսում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն աշխատում են արտակարգ ռեժիմով: ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները մշտական կապ են պահպանում Սիրիայի Կամիշլիի քաղաքի և հյուսիսային այլ շրջանների համայնքային կառույցների հետ:

Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը: Դամասկոսի և Հալեպի հայ առաջնորդարանների հետ համատեղ մշակվում են հնարավոր քայլեր Սիրիայի հյուսիսից տեղափոխվելու ցանկություն հայտնած մեր հայրենակիցներին ժամանակավոր կացարաններով ապահովելու և, ըստ անհրաժեշտության, առաջին օգնություն տրամադրելու ուղղությամբ:

Անմիջականորեն ռազմական գործողությունների տարածքում գտնվող Տել Աբյադ քաղաքից տասնյակից ավելի հայ ընտանիքներ արդեն իսկ իքնուրույն լքել են իրենց բնակության վայրը և տեղափոխվել ավելի ապահով շրջաններ (Հալեպ և Հասաքե):

Ներկա դրությամբ մեր հայրենակիցների անհապաղ տարհանման խնդիր դրված չէ: Ըստ մեր տեղեկությունների՝ Սիրիայի հյուսիային շրջաններում հայերի թիվը կազմում է շուրջ 3000 մարդ»:

Քաղաքականություն