Զոդի կամրջի ողբերգական ավտովթարի գործով կալանավորված վարորդը ցուցմունք է տվել և մանրամասներ հայտնել. ՀԺ
Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով կալանավորված Սողոմոն Հակոբյանը ցուցմունք է տվել եւ ասել, որ վթարից հետո իր ոտքերը կոտրված են եղել, ինքն այդ վիճակում նստած բավականին բաներ է տեսել, ասել է, որ հրդեհը շատ փոքր էր եւ ակնհայտորեն կարելի էր «Գազելի» ուղեւորներին օգնել։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Սողոմոնյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը։
Ողբերգական ավտովթարը տեղի էր ունեցել սույն թվականի հուլիսի 6-ին՝ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա․ բախվել էին «Գազել», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, ինչի արդյունքում հրդեհ էր բռնկվել:
«Գազելի»-ի վարորդ Սողոմոն Հակոբյանի պաշտպան Սեդա Սաֆարյանի խոսքով՝ նորություն չկա, պարզապես հիմա բազմաթիվ ապացույցներ ենք հավաքել, որպեսզի հասկանանք, թե վթարից հետո ինչու է այդպիսի իրավիճակ ստեղծվել, որովհետեւ վթարից բավական ժամանակ անց նոր հրդեհ է բռնկվել, մահերը, ըստ էության, բախման հետեւանքով չեն եղել։ Մենք հարցումներ ենք արել, փաստաթղթեր ենք պահանջել հրշեջ ծառայությունից, թե երբ են գնացել, ինչպիսի աշխատանքներ են տարել, ինչու են այս ծավալի վնասներ առաջացել, որովհետեւ մեր տրամադրության տակ ահագին փաստաթղթեր կան, որոնք շատ հանգամանքների մասին չփարատված են թողնում մեր կասկածները։ Նախաքննական մարմինն էլ ոչ մի միջոց չի ձեռնարկել դրա ուղղությամբ աշխատելու։ Կարծում եմ՝ 244 հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) չէին կարող իրեն մեղադրանք առաջադրել, քանի որ դեռեւս չեն պարզել, թե զոհերն ինչի պատճառով են եղել։ Հակոբյանը ցուցմունք է տվել եւ ասել, որ վթարից հետո իր ոտքերը կոտրված են եղել, ինքն այդ վիճակում նստած բավականին բաներ է տեսել, ասել է, որ հրդեհը շատ փոքր էր եւ ակնհայտորեն կարելի էր «Գազելի» ուղեւորներին օգնել։ Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու գործնական միջոցներ չձեռնարկվեցին մարդկանց արագ դուրս հանելու համար։ Այսինքն՝ այն, ինչ տեղի է ունեցել հետո, պետք է դառնա քննության առարկա, որպեսզի հասկանանք՝ ինչ է կատարվել։
Մանրամասները՝ armtimes.com