Երևանում կոտրել են վճարային տերմինալը և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար

Երեկ՝ հուլիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրը ժամը 02:50-ից մինչև 08:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Մատենադարանի հարևանությամբ գտնվող Կորյունի փողոցի 16 հասցեում տեղադրված «Իզի- Փեյ» ՍՊԸ-ին պատկանող վճարային տերմինալը կոտրել են: 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողը կամ գողերը կոտրել են տերմինալն ու այնտեղից հափշտակել մոտ 900 հազար դրամ: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննիչ Մովսիսյանի գլխավորությամբ, ով տեղում ղեկավարել է քննչական աշխատանքները: 

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին, ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: 

Պատահարներ