ՖԻՖԱ-ի նախագահ Ինֆանտինոյին կարող է անվստահության քվե սպառնալ
Ֆուտբոլի համաշխարհային կառույցի տարածաշրջանային երեք խոշոր կոնֆեդերացիաներ քննարկում են ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին անվստահություն հայտնելու հնարավորությունը։ Reuters-ի աղբյուրների համաձայն՝ խոսքը ՈւԵՖԱ-ի, Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (ԱՖԿ) և ԿՈՆԿԱԿԱՖ-ի մասին է։
Ինֆանտինոյի նկատմամբ դժգոհությունն ուժեղացել է այն բանից հետո, երբ նա առաջարկել էր մասնավոր ներդրողներին վաճառել ՖԻՖԱ-ի մրցաշարերի, այդ թվում՝ աշխարհի առաջնության հետ կապված նոր առևտրային կառույցի բաժնեմասը։ Երեք կոնֆեդերացիաները դեմ էին արտահայտվել նախաձեռնությանը և ՖԻՖԱ-ի ղեկավարությանը մեղադրել թափանցիկության, խորհրդակցությունների և կառավարման սկզբունքների խախտման մեջ։
Reuters-ի աղբյուրներից մեկը նշել է, որ ստեղծված իրավիճակից «ելք չկա»․ Ինֆանտինոն կամ պետք է որոշի չառաջադրվել 2027 թվականի մարտին կայանալիք ընտրություններում, կամ նրա ընդդիմախոսները կարող են գնալ անվստահության քվեարկության ճանապարհով։
ՖԻՖԱ-ի կանոնադրության համաձայն՝ կազմակերպության խորհուրդը ցանկացած պահի կարող է արտահերթ կոնգրես հրավիրել։ Այն պարտավոր է դա անել նաև այն դեպքում, եթե ՖԻՖԱ-ի 211 անդամ ասոցիացիաների առնվազն մեկ հինգերորդը համապատասխան գրավոր պահանջ ներկայացնի։ Միևնույն ժամանակ, կանոնադրությունում նախագահի նկատմամբ անվստահության քվեարկության հատուկ ընթացակարգ նախատեսված չէ։
ՈւԵՖԱ-ն պաշտոնապես չի հաստատել, որ նման քվեարկություն է քննարկվում, սակայն հղում է արել իր նախկին հայտարարությանը, ըստ որի՝ ՖԻՖԱ-ի ղեկավարության և կառավարման համակարգի վերանայումը պետք է լինի «համապարփակ և հիմնարար», և որևէ տարբերակ չպետք է բացառվի։
Ինֆանտինոն հայտարարել է, որ մտադիր է վերընտրվել 2027 թվականի մարտին։ Նա շարունակում է զգալի աջակցություն ունենալ ՖԻՖԱ-ի անդամների շրջանում, մասնավորապես՝ Աֆրիկայում։ Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CAF) նախագահ Պատրիս Մոտսեպեն հայտարարել է, որ Ինֆանտինոն շարունակում է վայելել մայրցամաքի աջակցությունը։
Բացի այդ, Քաթարի և 2030 թվականի աշխարհի առաջնության համակազմակերպիչ Մարոկկոյի ֆեդերացիաների թվում վեց արաբական ֆուտբոլային ասոցիացիաներ հրապարակայնորեն աջակցել են Ինֆանտինոյին։
Reuters-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ՈւԵՖԱ-ն, ԱՖԿ-ն և ԿՈՆԿԱԿԱՖ-ը հակված են անվստահության քվեարկության տարբերակին, սակայն մտավախություն ունեն, որ անհաջող փորձը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ՝ ամրապնդելով Ինֆանտինոյի դիրքերը հաջորդ տարվա ընտրություններից առաջ։
ՖԻՖԱ-ում ճգնաժամն ավելի է խորացել կազմակերպության գլխավոր գործառնական տնօրեն Քևին Լամուրի հեռանալուց հետո։ Նա քննադատել էր ներդրումային ծրագիրը և հայտարարել, որ աշխատակիցներին մոլորեցրել են։ ՖԻՖԱ-ի փոխնախագահ Շանդոր Չանյին ևս հետ է կանչել Ինֆանտինոյին իր աջակցությունը՝ Լամուրի հեռանալը անվանելով «վերջին կաթիլը»։
Ճնշմանը միացել է նաև ավելի քան 800 ակումբ ներկայացնող European Football Clubs կազմակերպությունը։ Ըստ Reuters-ի՝ այն զգուշացրել է ՖԻՖԱ-ին, որ անդամ ակումբները կարող են հրաժարվել տղամարդկանց և կանանց աշխարհի ակումբային առաջնություններին մասնակցելուց, եթե կառավարման վերաբերյալ իրենց մտահոգությունները չլուծվեն։
Չնայած աճող ճնշմանը՝ Ինֆանտինոյի հնարավոր մրցակիցներից դեռևս որևէ մեկը հրապարակայնորեն չի հայտարարել իր թեկնածության մասին։ Թեկնածությունների առաջադրման վերջնաժամկետը նոյեմբերի 18-ն է։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը
ESPN հեղինակավոր պարբերականը հրապարակել է աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողների վարկանիշային աղյուսակը, որը գլխավո...
Յուրիկ Մխիթարյանը բրոնզե մեդալ է նվաճել հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում
Յուրիկ Մխիթարյանը (67 կգ) հաղթել է իրանցի մրցակցին և դարձել հունահռոմեական ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջն...
ՖԻՖԱ-ի ղեկավարներից մեկն ազատվել է աշխատանքից՝ Ինֆանտինոյի ծրագիրը քննադատելուց հետո
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) գլխավոր գործառնական տնօրեն Քևին Լամուրը հեռացվել է պաշտոնից՝ կազմակերպության նախա...
Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն
Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Տերտերյանը (77 կգ) դարձավ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող հունահռոմեական ո...