Քաղաքականություն

ՊՆ-ն ու ՔԿ-ն համատեղ հայտարարություն են տարածել Ճամբարակում զինծառայողների վրաերթի վերաբերյալ

ՊՆ-ն ու ՔԿ-ն համատեղ հայտարարություն են տարածել Ճամբարակում զինծառայողների վրաերթի վերաբերյալ
Ճամբարակում տեղի ունեցած ողբերգական վրաերթի վերաբերյալ մամուլում և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններից մեկին արձագանքել են ՀՀ պաշտպանության նախարարությունն ու Քննչական կոմիտեն։ Ավելի վաղ…

Ճամբարակում տեղի ունեցած ողբերգական վրաերթի վերաբերյալ մամուլում և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններից մեկին արձագանքել են ՀՀ պաշտպանության նախարարությունն ու Քննչական կոմիտեն։



Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ դեպքին նախորդել է զորամասի ճաշարանում նորակոչիկների միջև ծեծկռտուք, որից հետո, իբր, զինծառայողներին որպես պատիժ քնից առաջ դուրս են բերել վազքի՝ հակագազերով։



Նույն հրապարակման համաձայն՝ զինվորները վրաերթի պահին ևս հակագազերով են եղել և այդ պատճառով չեն նկատել մոտեցող մեքենան։ Նշենք, որ այս պնդումները ներկայացվել էին՝ հղում անելով ներքին աղբյուրների, և պաշտոնապես հաստատված չէին։



ՊՆ-ն և ՔԿ-ն այժմ հերքում են տեղեկության՝ հակագազերին վերաբերող մասը։



«ՀՀ քննչական կոմիտեի գործընկերների հետ համատեղ քննարկման արդյունքում հարկ ենք համարում արձագանքել դրանցից մեկին. լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրությունում։



Միաժամանակ պաշտոնական հաղորդագրության մեջ չի պարզաբանվում՝ ինչու էին զինծառայողները երեկոյան այդ հատվածում, արդյոք նրանք վազքի էին դուրս բերվել և ինչ էր դրան նախորդել։



Հիշեցնենք՝ օգոստոսի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել մի քանի զինծառայողների։ Զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը մահացել էր, ևս վեց զինծառայող վնասվածքներ էին ստացել։



Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննություն է ընթանում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250