Երբ սկսենք լավ ֆուտբոլ խաղալ․ Մովսիսյանը Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու մասին
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը «РБ Спорт» պարբերականին տված ծավալուն հարցազրույցում անդրադարձել է ազգային թիմի ներկայիս վիճակին և աշխարհի առաջնություն դուրս գալու հեռանկարներին:
Այս օրերին ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում ընթանում է աշխարհի 2026 թվականի առաջնությունը, որը մեկնարկել է հունիսի 11-ին և կտևի մինչև հուլիսի 19-ը։ Սա Մունդիալների պատմության մեջ առաջին մրցաշարն է, որին մասնակցում է 48 հավաքական, ինչը զգալիորեն մեծացնում է տարբեր երկրների՝ համաշխարհային ստուգատեսում հայտնվելու շանսերը։ Այն հարցին, թե երբ Հայաստանը կօգտագործի այս հնարավորությունն ու կհայտնվի աշխարհի առաջնությունում, Մովսիսյանը պատասխանել է. «Մենք՝ հայերս, կհայտնվենք աշխարհի առաջնությունում այն ժամանակ, երբ սկսենք լավ ֆուտբոլ խաղալ (ծիծաղում է)։ Իսկ եթե լուրջ, սա համակարգային աճի հարց է։ Առայժմ հավաքականը պատրաստ չէ կայուն կերպով բարձր մակարդակով հանդես գալ, ինչը թույլ կտար մրցակցել եվրոպական ուժեղ թիմերի հետ։ Եվ պետք չէ մոռանալ, որ աշխարհի առաջնության եվրոպական ընտրական փուլն ամենաբարդն է աշխարհում, այստեղ հեշտ մրցակիցներ չկան։ Յուրաքանչյուր հանդիպում փորձություն է։ Բայց քայլ առ քայլ առաջընթացն իրագործելի է»։
Խոսելով այն մասին, թե որքանով է ուշադիր հետևում Հայաստանի հավաքականի ելույթներին, նախկին հարձակվողը նշել է. «Փորձում եմ նայել բոլոր խաղերը։ Երևում է, որ հավաքականում սերնդափոխություն է ընթանում. մարզչական շտաբը հնարավորություն է տալիս ներքին առաջնության երիտասարդ ֆուտբոլիստներին։ Սա ճիշտ ճանապարհ է. առանց յուրայինների հանդեպ վստահության հնարավոր չէ ուժեղ թիմ կառուցել»։ Այն հարցին, թե ում կարող է առանձնացնել երիտասարդ խաղացողներից, նա արձագանքել է. «Չեի ցանկանա անուններ հնչեցնել, որպեսզի տղաների վրա ավելորդ ճնշում չստեղծեմ։ Գլխավորը ճիշտ զարգանալն է և իրադարձություններն արագացնելուց խուսափելը։ Բայց Հայաստանում կան երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք արդեն հիմա լավ մակարդակ են ցուցադրում և ապագայում կարող են տեղափոխվել եվրոպական ուժեղ առաջնություններ»։ Այս պահին մրցաշարում ընթանում են 1/16 եզրափակիչի հանդիպումները, որոնց շրջանակում պայքարն արդեն լքել են Հարավաֆրիկյան Հանրապետության, Ճապոնիայի, Գերմանիայի և Նիդերլանդների ազգային հավաքականները։